15 01 2025

Ստորագրված կանոնադրությունը հօդս է ցնդելու արդեն հունվարի 21-ին. Վահե Դավթյան

Ստորագրված կանոնադրությունը հօդս է ցնդելու արդեն հունվարի 21-ին. Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե դեմ չեք, մի փոքր դասագրքային խոսենք:

Երեկվանից հայաստանյան տեղեկատվական դաշտը հեղեղված է հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների հաստատման մասին դիսկուրսով: Ամեն դեպքում, հենց այդպես են ներկայցնում Երևանի ու Վաշինգթոնի միջև ստորագրված կանոնադրությունն իշխանական ու մերձիշխանական մեդիաներն ու պալատական «փորձագետները»:

Մինչդեռ՝

1. միջազգային հարաբերություններում ռազմավարական հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ է հստակ ձևավորված ու գործող իրավապայմանագրային բազա,

2. ռազմավարական հարաբերությունների հաստատմանը նախորդում է բանակցային գործընթաց՝ աշխատանքային բանակցություններից մինչև առաջին դեմքերի միջև անցկացվող (հիշեցնեմ, որ Ն. Փաշինյանը ոչ մի անգամ չի ընդունվել Սպիտակ տանը),

3. ռազմավարական հարաբերությունների մասին համաձայնագիրը ստորագրվում է երկրի առաջին դեմքի կողմից, մնացած բոլոր դեպքերում գործ ունենք երկրորդական նշանակության փաստաթղթի հետ (կանոնադրություն, հուշագիր և այլն),

4. երկրի առաջին դեմքերի կողմից ստորագրված համաձայնագիրն ուժի մեջ է մտնում բացառապես այդ երկրների օրենսդիր մարմինների կողմից վավերացումից հետո:

Երևանի ու ԱՄՆ-ի հեռացող վարչակազմի միջև ստորագրված կանոնադրությունն այս իմաստով ունի բացառապես քաղտեխնոլոգիական, խիստ կարճաժամկետ տեղեկատվական նշանակություն: Այն հօդս է ցնդելու արդեն հունվարի 21-ին, երբ ԱՄՆ-ի 47-րդ նախագահն արդեն դե-յուրե սահմանի իր աշխարհաքաղաքական առաջնահերթությունները: 

Իսկ եթե այս առումով կասկածներ ունեք, հիշեք, թե ինչ միջազգային համաձայնագրերից ու պայմանագրերից է հետ կանչել ԱՄՆ-ի ստորագրությունը Թրամփն իր առաջին նախագահության տարիներին (կլիմայի մասին Փարիզի համաձայնագիր, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ և այլն)»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ