06 01 2025

Ի՞նչ պետք է հասկանա Հայաստանը իրանական այս մեդիա «ջերմաչափից»․ քաղաքագետ

Ի՞նչ պետք է հասկանա Հայաստանը իրանական այս մեդիա «ջերմաչափից»․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Տարածվեց տեղեկատվություն այն մասին, թե իբր Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը պատվիրակություն է ուղարկելու Թուրքիա՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցով։ Տեղեկատվությունն հատկապես ադրբեջանական լրատվամիջոցներն էին ակտիվորեն տարածում, և ստեղծվում էր տպավորություն, թե Իրանն ու Թուրքիան համաձայնության կարող են գալ այս հարցում։ Ընդ որում հետաքրքիրն այն էր, որ տարածվող տեղեկատվության մեջ իբրև թե Իրանի ԱԳ ներկայացուցիչը` Բաղայը, նշել է, թե իբր միջանցքի հարցը երկու երկրների միջև «ո՛չ թե քաղաքական հարց է, այլև՝ տեխնիկական»։ Ահա այս ձևակերպումն ինքնին հարցեր էր առաջացնում, որովհետև Իրանի համար այս հարցը ո՛չ թե անգամ քաղաքական ենթատեքստ ուներ, այլև աշխարհաքաղաքական, ինչը շեշտակիորեն բարձրացնում էր հարցի կարևորությունը։

Եվ ահա, քիչ անց Իրանական լրատվամիջոցները տարածում են պարզաբանում. տարածված նորությունը «Իրանի ԱԳՆ հայտարարությունը Զանգեզուրի միջանցքի մասին» վերտառությամբ, եղել է Դանեշջու լրատվամիջոցի լրատվական քայլը, և Արտաքին գործերի նախարարությունը Զանգեզուրի մասով նոր դիրքորոշում չունի»:

Իհարկե, սա կարևոր պարզաբանում է, հատկապես որ հայտարարության մեջ իրականում անգամ չի շոշափվել Զանգեզուրի միջանցքի հարց, այլ խոսքը եղել է թուրքական բեռնատարների վառելիքի մասին, որը ըստ իրանական կողմի ո՛չ թե քաղաքական, այլ տեխնիկական հարց է։ Սա լիովին տրամաբանական է, բայց մենք գիտենք, որ քաղաքականությունը հաճախ անուղղակի գործողությունների ռազմավարության վրա է հիմնված, հատկապես Իրանի պարագայում։

Ի՞նչ պետք է հասկանա Հայաստանը իրանական այս մեդիա «ջերմաչափից»:

Ես կարծում եմ, որ սա տեղեկատվական տեխնիկա էր, որը ուղղված էր հատկապես Հայաստանին։ Հայաստանը Իրանի հետ պետք է հստակեցնի Ադրբեջանի պահանջների փաթեթի նկատմամբ իր դիրքորոշումը և կարմիր գծերը։ Հատկապես Սյունիքի հարցում Հայաստանը պետք է նաև Իրանի հետ համատեղ գործողությունների ծրագրի մշակի այն դեպքերի համար, երբ Ադրբեջանը և Թուրքիան մեզ կանգնեցնեն ֆորս-մաժորի առաջ։

Հակառակ պարագայում, Իրանը հանուն իր սեփական շահերի կարող է պայմանավորվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որի դեպքում այսպես կոչված միջանցքի հարցը իսկապես կդառնա ի դժբախտություն մեզ՝ ընդամենը տեխնիկական խնդիր։

Ես միանշանակ վստահ եմ, որ այդ սցենարի պարագայում մեզ չեն օգնելու ո՛չ ԵՄ-ն և ո՛չ էլ ԱՄՆ-ն, իսկ ՀԱՊԿ-ն արդեն վաղուց Հայաստանի համար գոյություն չունի։ Հայաստանը մնալու է միայնակ, ուստի այսօր պարտավոր ենք ձևակերպել և ստեղծել Սյունիքի պաշտպանության հարցում դաշնակիցների կոալիցիա։

Վաղը ուշ կլինի, հատկապես երբ Թուրքիան հասցնի լուծել իր խնդիրները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ