Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է արել Արցախի վերաբերյալ՝ նշելով.
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
․․․ Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ և հետեւաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»:
Փաշինյանն, իհարկե, կրկին խեղաթյուրում է իրականությունը՝ հակասելով, առաջին հերթին, ինքն իրեն:
Վերհիշենք, թե ինչեր էր հայտարարում Արցախի հարցի մասին Նիկոլ Փաշինյանը մինչ 2023 թվականը: Հարյուրավոր հայտարարություններից մեջբերենք ընդամենը մի քանիսը․
15․09․2018թ․, հանդիպում Փարիզի Ելիսեյան պալատում. «Հրաժարվելով բանակցել Ղարաբաղի հետ՝ Ալիևը մեծ ծառայություն է մատուցում մեզ, որովհետև մենք այլևս խոսելու համար որևէ բան ապացուցելու անհրաժեշտություն չունենք, ինքն է ապացուցում, որ Ղարաբաղը պետք է ինքնորոշվի, և արդեն իսկ Ալիևը որոշել է, որ Ղարաբաղը չի լինելու, չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և մնում է, որ Ղարաբաղը ինքը որոշի, թե ինչպես է մտնում Հայաստանի կազմ»:
15․10․2020թ․, հարցազրույց «Россия сегодня»-ին. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար սահմանագիծ է, իհարկե, «կարմիր գիծ» է, որը մենք չենք կարող անցնել»:
02․09․2021թ․, շնորհավորական ուղերձ՝ Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ. «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է։ Այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով։ Այդ իսկ պատճառով միջազգային բոլոր հարթակներում մենք այսօր պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ։ Գործընթացի արդյունքում պետք է վերջնական հստակեցում ստանա Արցախի կարգավիճակը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա»:
20․02․2022թ․, շնորհավորական ուղերձ՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ. «Արցախն այսօր՝ չնայած վիրավոր, սակայն կանգուն է: Այսօր մեր քայլերն ուղղված են Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը, այդ իրավունքների միջազգայնորեն արձանագրմանը:
Համոզված եմ՝ հայ ժողովուրդը շուտով կբուժի անցած պատերազմի վերքերը և էլ ավելի վճռական ու ամուր քայլերով կընթանա դեպի ապագա՝ հանուն մեր իղձերի ու երազանքների իրականացման: Միայն այդպես կկարողանանք վառ պահել մեր բոլոր հերոս զավակների հիշատակը: Նրանց սերունդների, մեր ընդհանուր Հայրենիքի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կլինի մեծագույն տուրքը նրանց հիշատակին, որով կերաշխավորվի մեր պետության հարատևությունը, Արցախի իրավունքների միջազգային ճանաչումն ու իրացումը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը