19 12 2024

Հայաստանը և Թուրքիան համաձայնել են գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները․ Միրզոյան

Հայաստանը և Թուրքիան համաձայնել են գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար, ՍԾՏՀԿ գործող նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպման ընթացքում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․

«Հայաստանի կառավարությունը հաստատակամ է շարունակելու իր ջանքերը խաղաղության, անվտանգության, կայունության և համագործակցության ցանկալի նպատակներին հասնելու ուղղությամբ: Շարունակական և անկեղծ երկխոսությունը, առևտրային և տնտեսական կապերի վերականգնումը, ինչպես նաև տարածաշրջանային նախաձեռնություններում և նախագծերում ներառականության ապահովումը հիմնական նախադրյալներն են գոյություն ունեցող հակասությունները հաղթահարելու և մեր երկրների միջև ավելի լավ համագործակցության, զարգացման և բարեկեցության հասնելու համար:

Փխրուն աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին մենք առավել քան երբևէ կարիք ունենք բարելավելու տնտեսական փոխկապակցվածությունը, ինչը թույլ կտա մեզ տարբեր ոլորտներում, օրինակ՝ էներգետիկան, տրանսպորտը և առևտուրը, հաստատել ընդհանուր շահերի վրա հիմնված պրագմատիկ առևտրային կարգավորումներ: Բացի դրանից, անհրաժեշտ է խթանել միջմշակութային և մարդկանց միջև շփումները:

Առաջնորդվելով այն միանշանակ համոզմունքով, որ տարածաշրջանային երկխոսությունը փոխշահավետ համագործակցության հաստատման բանալին է՝ Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ: Ղեկավարվելով ներառականության, տարածաշրջանային ենթակառուցվածքների արդար օգտագործման տեսլականով, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերի համար բարեկեցիկ ապագա կառուցելու ձգտումով՝ այս նախագիծը նպատակ ունի զարգացնելու տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցությունը՝ հիմնվելով պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար հարգաման վրա, ինչպես նաև կիրառելով իրավահավասարության ու փոխադարձության սկզբունքները:

Ամենայն հավանականությամբ տեղյակ եք մեր անմիջական հարևանությամբ վերջերս տեղի ունեցած քննարկումներից։ Հայաստանը և Թուրքիան արդեն համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանին առաջարկել ենք  երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ։

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը որպես խաղաղության հիմք մեծապես կարևորում է փոխվստահության ձևավորումը և փոծխկապակցվածության հնարավոր ընդլայնումը, տարածաշրջանային համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով խթանելու ներուժ ունի: Այն կարող է արդյունավետորեն կապել Ծոցը, Սև և Կասպից ծովերը` այդպիսով զգալիորեն նպաստելով համաշխարհային տրանսպորտային շղթաներին մեր տարածաշրջանի ինտեգրմանը և հսկայական օգուտ բերելով մեր տարածաշրջանի բոլոր երկրներին: Այն արդեն արժանացել է բազմաթիվ միջազգային գործընկերների դրական արձագանքների, իսկ մենք կշարունակենք մեր ջանքերը՝ ապահովելու նախագծի իրականացմանն ուղղված հետագա աջակցությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ