19 12 2024

Փաշինյանը, փաստացի, համաձայնվեց կատարել Ալիևի վերջին պահանջները

Փաշինյանը, փաստացի, համաձայնվեց կատարել Ալիևի վերջին պահանջները

Երեկ հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտել է, թե խաղաղության պայմանագրի որ կետերի շուրջ Երևանն ու Բաքուն համաձայնության չեն եկել:

«Փաստաթղթի 17 կետերից 15-ը համաձայնեցված են, մնացել է 2-ը, և Կազանում Փաշինյանի հետ իմ վերջին հանդիպման ժամանակ զգացի, որ որ Հայաստանը կարող է ընդունել այդ 2 կետը՝ այսինքն մեր պայմանները: Կետերից մեկն իրար դեմ միջազգային հայցեր չներկայացնելն է, իսկ մյուսը՝ սահմանին այլ երկրների ներկայացուցիչներին չտեղակայելը», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Այսօր Նիկոլ Փաշինյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ալիևի հնչեցրած պահանջին։

«Մենք շարունակում ենք կառուցողական ներգրավված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումներում: Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ էլ արդեն մեկ ամսից ավելի առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին, որոնց վերաբերյալ դեռևս պատասխաններ չենք ստացել: Մենք առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, և սա տրամաբանական է, որովհետեւ այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք նվազագույնի է հասնում: Ամբողջական սահմանազատումից հետո, հետևաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանի որևէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի, և Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է այս տրամաբանությունը»,- ասել է նա:

Միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշման վերաբերյալ Փաշինյանը նշել է, որ երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, հետևաբար՝ գաղափարն ընդունելի է իրենց համար․

«Այստեղ կա երկու նրբություն. դրանցից մեկն այն է, որ միջազգային ատյաններում քննարկվող անհատական հումանիտար խնդիրները երկկողմ ձևաչափով լուծելու հասկանալի հեռանկար պետք է լինի և երկրորդը, պետք է հստակ լինի, որ մյուս հարցերով միջազգային հարթակներից վեճերը ետ քաշելուց հետո կողմերը նույն հարցերը այլևս չպետք է դնեն և սրեն երկկողմ հարաբերությունների օրակարգում՝ դրանք էսկալացիաների հարատեւ աղբյուր դարձնելով: Նկատի ունեմ, որ ոչ միայն միջազգային դատական ատյաններում վեճերը լուծելուց պետք է հրաժարվել, այլև բուն վեճերից: Մենք պատրաստ ենք գնալ նման ճանապարհով: Այս փուլում լուծումներ ենք փնտրում նաև անհատական բնույթի հումանիտար խնդիրների մասով»,- ասել է Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ