16 12 2024

Չկա աշխարհում երկրորդ երկիր, որի ղեկավարն այդքան հարվածի սեփական բանակին. Տիգրան Աբրահամյան

Չկա աշխարհում երկրորդ երկիր, որի ղեկավարն այդքան հարվածի սեփական բանակին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՌԴ-ում վերջին մեկ տարվա ընթացքում տասնյակներով բարձրաստիճան զինվորականներ պաշտոններից հանվեցին, շատերի նկատմամբ, այդ թվում` նախարարի տեղակալների, վարչության պետերի, տարբեր հոդվածներով քրեական վարույթներ նախաձեռնվեցին (հիմնականում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հոդվածներով), մեծ թվով զինվորականներ կալանավորվեցին:

Սակայն այս ընթացքում ո´չ ՌԴ նախագահը, ո´չ քաղաքական վերնախավի մյուս դեմքերը արձանագրված դեպքերը չտարածեցին բոլոր զինվորականների նկատմամբ, այդ հիմքով բանակը որպես ամբողջություն չթիրախավորեցին, չվարկաբեկեցին և չանարգեցին:

Ավելին, որևէ մեկի մտքով չանցավ բանակը երկրորդական ինստիտուտ հռչակելու և հիշեցնելու, որ նրանք պարտական են հարկ վճարողներին, ըստ այդմ` հերոսը հարկ վճարողն է, այլ ոչ թե հայրենիքի պաշտպանությունը որպես մասնագիտություն ընտրած անձինք:

Իսկ ի՞նչ ունենք Հայաստանում:

Չկա աշխարհում երկրորդ երկիր, որի աշխարհագրական դիրքի, հարևանների անառողջ հավակնությունների և մշտական անվտանգային սպառնալիքների պայմաններում, երկրի ղեկավարումը ստանձնած անձը գաղափարական, քաղաքական, քարոզչական առումով այդքան հարվածի սեփական բանակին:

Այս իշխանությունը մեր երկիրը փորձում է դարձնել «բացառիկ» իրադարձություններով երկիր, սակայն ոչ թե երկրի իմիջի բարձրացման, հասարակական համերաշխության ապահովման, սահմանների անձեռնամխելիության ու անվտանգության աստիճանի բարձրացման տեսանկյունից, այլ պարտությունների շղթայի, կորուստների, բարոյական անկման և մյուս բոլոր կոմպոնենտների առումով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ