01 12 2024

Դեկտեմբերի 1-ի պատմական որոշումը. Արթուր Խաչատրյան

Դեկտեմբերի 1-ի պատմական որոշումը. Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հերոսական ու պատմական 1989 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ուղիղ 35 տարի առաջ, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ու Արցախի Ազգային խորհուրդը, համատեղ նիստում  պատմական որոշում կայացրեցին, որը արդի Հայաստանի Հանրապետության կերտման հիմքը հանդիսացավ։ Հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքի և արձագանքելով հայ ժողովրդի՝ բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման ձգտմանը՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ու Արցախի Ազգային խորհուրդը հռչակեցին Հայաստանի ու Արցախի վերամիավորումը։ Դեկտեմբերյան ձնառատ ու մռայլ երեկոյան երկնքում հաղթանակի աստղ ծագեց։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետի վերքերը դեռևս չամոքած, շրջափակված, առանց լույսի ու ջերմության ցուրտ ու մութ տարիներին, հայ ժողովուրդը միակամ էր․ պատմական արդարությունը պետք է վերականգնվի, միասնական հայ ժողովրդին հաղթել չի լինի։ 

Թուրքերն ու ադրբեջանցիները հրաշալի գիտակցում են այդ որոշման պատմական կարևորությունը։ 35 տարի նրանք պահանջում են այդ որոշման չեղարկումը՝ այդ ներկայացնելով որպես Հայաստանի տարածքային պահանջ Կոկա Կոլայից ավեի ջահել իրենց սովետածին երկրից։ Մինչդեռ այդ որոշումն ազգերի ազատ ինքնորոշման և բաժանված ազգերի ու պետությունների միավորման միջազգայնորեն ճանաչված իրավունքի դրսևորումն էր:

Այսօր թուրք-ադրբեջանական յաթաղանից բացի մեր ազգի գլխին յաթաղան է ճոճում նիկոլական իշխանությունը։ ՔՊ-ականները բառ-առ-բառ կրկնում են թուրք-ադրբեջանական թեզերը, փորձում են արցախցիներին զրկել ինքնորոշման իրավունքից, Արցախը ներկայացնել որպես Ադրբեջան։ Նիկոլականները հայ ժողովրդին խաբում են, թե Արցախն ու արցախցիները ռիսկ են Հայաստանի Հանրապետությանը, թե ազգային իղձը մահաբեր ցնորք է։ Արցախը թուրքերին զիջելով, նրանք ոսոխի համար ճանապարհ հարթեցին դեպի Ջերմուկ, Սև լիճ, Շորժա։ Իրենց «իրական Հայաստանը» թուրքի լծի տակ հոգեվարք ապրող վիլայեթ է լինելու։

Այսօր, առավել քան երբևէ, հայ ժողովուրդը պետք է տեր կանգնի իր անօտարելի ու անժամանցելի իրավունքների, վճռական ՈՉ ասի ներքին թշնամիներին ու ցույց տա արտաքին թշնամիներին, որ պատրաստ է պաշտպանել իր արժանապատվությունը, ազատությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ