Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժաղովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Հայաստանի բացակայությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու, թե ինչ է անելու անվտանգության ոլորտում։
«Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու, թե ինչ և ինչպես է ուզում անել իր անվտանգությունն ապահովելու համար։ Կարծում եմ, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև այսօր առկա իրավիճակը, ամենայն հավանականությամբ, թելադրված է հենց Հայաստանի ներքաղաքական գործընթացներով», - ասել է Պուտինը։
Բացի այդ, ՌԴ նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադարձությունները կապված չեն ՀԱՊԿ-ի հետ, և Հայաստանի դեմ ագրեսիա չի եղել։
«ՀԱՊԿ-ն այս ամենի հետ կապ չունի։ Ես բազմիցս խոսել եմ այս մասին։ Բուն Հայաստանի դեմ ագրեսիա չի եղել։ ՀԱՊԿ-ը կոչված է անդամ երկրներին արտաքին ագրեսիայից պաշտպանելու համար։
Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն ունեն իրենց առանձնահատկությունները, քանի որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և, իհարկե, Ղարաբաղը չի ներառել իր պետական սահմանի մեջ։ Սա նշանակում է, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, իրավական տեսակետից, ուղղակի կապ չունի Հայաստանի հետ»,- լրագրողներին ասել է Պուտինը։
ՌԴ ղեկավարը տարօրինակ է անվանել Հայաստանի ղեկավարության այն կարծիքը, թե ՀԱՊԿ-ը պետք է կռվի այս տարածքում։
«Մի տեսակ տարօրինակ է, այնպես չէ՞։ Իսկապե՞ս։ - նշել է նա։
Միաժամանակ Պուտինը շատ զգայուն է անվանել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ «Իմ կարծիքով, կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկիր պետք է որոշի, թե ինչն է համապատասխանում իր ազգային շահերին»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը