ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամանակ ընդգծեց՝ Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ իրականում ցույց է տալիս, որ պաշտոնական Անկարայի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, այլ Հայաստանին այս կամ այն լուծման պարտադրումը:
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլ ուղիղ անվտանգության խնդիր է:
Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը հնարավորություն է տվել երկար տարիներ զսպել Թուրքիայի ագրեսիվ գործողությունները, քանի որ Անկարան սեփական պատմության հետ հաշվի նստելու հարցում միջազգային ճնշման ներքո է գտնվել։
Թերևս դրանով է պայմանավորված, որ Թուրքիան երկար տարիներ շատ մեծ ջանքեր է ներդրել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն այլ հարթություն տեղափոխելու ուղղությամբ»,- հայտարարեց նա:
Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ Ցեղասպանության ժխտումը հղի է նոր ողբերգությունների կրկնությամբ։ Ըստ նրա՝ սրանով է նաև պայմանավորված, որ մեծ թվով երկրներ, խորհրդարաններ ոչ միայն դատապարտել, ճանաչել են Թուրքիայի կողմից Ցեղասպանության իրականացումը, այլ դա ամրագրել են տարբեր բանաձևերով:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը