08 11 2024

Թրամփի նախագահության երկրորդ շրջանը չի կարող նման լինել առաջինին․ Սուրեն Սարգսյան

Թրամփի նախագահության երկրորդ շրջանը չի կարող նման լինել առաջինին․ Սուրեն Սարգսյան

«Թրամփի նախագահության երկրորդ շրջանը չի կարող նման լինել առաջինին»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Նա մանրամասնում է՝ ժամանակներն ու իրողություններն այլ են, միջազգային իրավիճակն այլ է, շատ ուղղություններով էլ ամերիկյան արտաքին քաղաքականությունը շատ հեռու է գնացել Բայդենի նախագահության չորսամյակում (այդ թվում Հարավային Կովկասում): Նույնիսկ լինելով գլոբալ գերտերության ղեկավար, Թրամփը չի կարող հաշվի չառնել այս իրողությունները:

«Թրամփը չի կարող գնալ որոշակի ինքնամեկուսացման առաջին քառամյակի օրինալով և զբաղվել առավելապես ներքին խնդիրներով: Հեռու եմ այն մտքից, որ նա դուրս կգա ՆԱՏՕ-ից կամ կքանդի այն, ինչպես պնդում են նրա հակառակորդները: Նա պարզապես կարող է փոխել խաղի կանոնները փոխհարաբերություններում և ֆինանսավորման սկզբունքներում:

Թրամփը վերադարձել է առավել մեծ լեգիտիմությամբ: Հիմնավորապես նրան են պարտական հանրապետականները Սենատում և Պալատում մեծամասնություն ունենալու համար: Չմոռանանք, որ ընտրողների ձայների ֆիզիկական ծավալով նա առաջ է անցել Հարիսից շուրջ 4.5մլն ձայների առավելությամբ, ինչը նրան բացառիկ լեգիտիմություն է տալիս գործելու նաև արտաքին քաղաքական ճակատում՝ առանց կաշկանդվելու:

Սա բարդ ժամանակաշրջան է լինելու ամերիկացիների համար: Չնչին է հավանականությունը, որ ամերիկյան հանրությունը կհաշտվի և կհաղթահարի բևեռվածությունը: Բարդ է լինելու նաև արտաքին խաղացողների համար, քանի որ Թրամփը բերելու է նոր մարտահրավերներ թե՛ դաշնակիցներին, թե՛ հակառակորդներին:

Հայաստանի իշխանության մասով ակնկալիքներ բնականաբար չկան: Սակայն հայ համայնքը, լոբիստական և այլ կազմակերպություններն ու Հայ Առաքելական Եկեղեցին անելիք ունեն՝ այդ թվում Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներին իրավական գնահատական տալու և ԱՄՆ կողմից ճանաչելու տեսանկյունից»,-նշում է քաղաքագետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ