05 11 2024

Ուզենք, թե չուզենք՝ ԱՄՆ ընտրություններն ազդելու են նաև մեր տարածաշրջանի վրա. Սուրեն Սարգսյան

Ուզենք, թե չուզենք՝ ԱՄՆ ընտրություններն ազդելու են նաև մեր տարածաշրջանի վրա. Սուրեն Սարգսյան

Այսօր ամերիկացիներն ընտրելու են իրենց 47-րդ նախագահին: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով, այս ընտրությունն իր ազդեցությունն է ունենալու համաշխարհային կարևորագույն գործընթացների վրա:

Նա, մասնավորապես, նշել է. «Ուզենք, թե չուզենք՝ ազդելու է նաև մեր տարածաշրջանի վրա:

Կանխատեսում անելն անհնարին է, ըստ տարբեր հարցումների, թեկնածուների վարկանիշի տարբերությունը մինչև 1-2% է կազմում: Նույնը վերաբերում է ընտրիչների ինստիտուտին: Ի դեպ, նույն պատկերը նաև Կոնգրեսի ընտրություններին է վերաբերում: Այսինքն, ըստ տասնյակ հարցումների, չնչին տարբերություններով ընթանում է հավասար պայքար:

Ճոճվող 7 նահանգներում (որտեղ թեկնածուների ձայները հավասար են բաշխված) Թրամփն ունի 0.9% առավելություն՝ 48.6%, Հարիսը՝ 47.7%:

Ընդհանուր առմամբ, ըստ տասնյակ հարցումների միջինացված թվերի, Թրամփն ու Հարիսը ունեն հավասար՝ 48.5% նախընտրական վարկանիշ: Ինչու եմ ներկայացնում միջինացված թվեր, քանի որ՝ օրինակ պրոհանրապետական Fox News-ը պնդում է, որ հաղթում է Թրամփը՝ 2% առավելությամբ, իսկ պրոդեմոկրատական CNN-ը պնդում է, որ հաղթում է Հարիսը 1.5% առավելությամբ:

Հատկանշական է, որ գործող նախագահ Բայդենի վարկանիշը 40.7% է, որը բավականին ցածր ցուցանիշ է և էապես խանգարում է Հարիսին:

Լարվածությունն այնքան մեծ է, որ բառացիորեն կռվում են ամեն ձայնի համար, մանավանդ ճոճվող նահանգներում: Դրա համար, հաշվի առնելով տեղի բնակչության էթնիկ կառուցվածքը, օրինակ Հարիսը Միչիգանում պրո-Պաղեստինյան ֆեյսբուքյան արշավ է անում (քանի որ արաբ բնակչություն կա), իսկ Փենսիլվանիայում պրոիրաելական: 

Իր հերթին, ամենից խնդրահարույց Փենսիլվանիայում Իլոն Մասկը շարունակում է օրական 1մլն դոլար խաղարկել այն քաղաքացիների շրջանում, ովքեր միանում են պրո-Թրամփյան քաղաքական արշավին:

Մի խոսքով, ԱՄՆ 47-րդ նախագահը կգա ընդամենը մի քանի ժամից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ