Ինչպես և կանխատեսելի էր, Ադրբեջանն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի անվան տակ, նորանոր պահանջներ է իջեցնում հայ-ադրբեջանական բանակցային օրակարգ: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, որ իր գլխավոր նախապայմանը ՀՀ սահմանադրության փոփոխությունն է ու սա այն պարագայում, որ իշխանությունը ևս առանձնապես դեմ չէ այդ փոփոխությանը ո՛չ քաղաքական, ո՛չ բովանդակային, ո՛չ էլ գաղափարական առումով և միակ վերապահումը, մեծ առումով, ժամկետներն են: Որքան էլ որ արտաքուստ տարօրինակ հնչի, Ադրբեջանին այս պահին պետք էլ չի, որ Հայաստանն իր սահմանադրությունն արագ փոփոխի, հատկապես որ դա տեխնիկապես էլ հնարավոր չի կարճ ժամկետում կազմակերպել:
Ադրբեջանն օգտագործելու է այս ժամանակահատվածը Հայաստանին ագրեսոր, ապակառուցողական կողմ հռչակելու և նոր զիջումներ կորզելու համար: Ինչքան էլ Հայաստանի իշխանությունը հայտարարի, թե զիջումների առումով այլևս տեղ չկա կամ դա արդեն ինքնիշխանության խնդիր է առաջացնում, գործող իշխանության այս 6 տարիների գործունեությունը վաղուց է մեր երկրի համար ոչ միայն ինքնիշխանության, այլ տարածքային ամբողջության և անվտանգության խորը խնդիրներ առաջացրել:
Մյուս կողմից, Ադրբեջանն արդեն լավ է ճանաչում գործող կառավարիչներին՝ իրենց էությամբ, խոցելիությամբ և անսկզբունքայնությամբ և, բնականաբար, օգտվելով իրավիճակից, անընդհատ սեղմելու է Հայաստանի շուրջ օղակը: Կարմիր գծե՞ր, պետական շահե՞ր, ժողովրդի կամքի արտահայտո՞ւմ: Այս իշխանության կենաց-մահու կռիվը, պայքարը միայն սեփական ժողովրդի դեմ է և, ըստ այդմ՝ եղած ողջ ռեսուրսներն ուղղվում են այդ խնդրի կատարմանը: Այդ ամենն ուղեկցվում է շանտաժով, լուտանքներով, վիրավորանքներով, իսկ որոշ դեպքերում՝ մարդկանց ազատությունից զրկելով»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը