02 10 2024

Այնպես եք ջղայնանում հարցերից, ոնց որ ձեզ չպետք է տան այս հարցերը․ Դանիելյանը՝ Փաշինյանին



Պարոն Դանիելյան Դուք մամուլ չեք կարդո՞ւմ, ձեզ թվում է՝ սա միամիտների երեկո՞ է: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա դուք ինձ հարցնում եք՝ չե՞ք տեսնում Ադրբեջանի կողմից ինչ պահանջներ են հնչում: Չեք զգո՞ւմ, որ նույն խոսույթն եք օգտագործում, Ադրբեջանն էլ է ասում կապիտուլյացիա, դուք էլ եք ասում կապիտուլյացիա, բա որ կապիտուլյացիա է, դուք ի՞նչ գործ ունեք այստեղ նստած, ընդհանրապես ինչո՞ւ եք աշխատավարձ ստանում,  կապիտուլացված երկրի պատգամավոր լինո՞ւմ  է: Եթե համարում եք, որ երկիրը կապիտուլացված է,  ուրեմն դուք ձեզ չեք համարում ՀՀ պատգամավոր, այլ համարում եք այն ուժերի պատգամավոր,  ովքեր ձեր տրամաբանությամբ կապիտուլացրել են»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ ընդդիմությունն անընդհատ բերում  է Ադրբեջանի օրակարգերը:

«Ասում եք՝ բա ինչո՞ւ չեք բարձրացնում ԼՂ բնակիչների վերադարձի հարցը,  առավոտից երեկո Ադրբեջանը խոսում է  Արևմտյան Ադրբեջանի մասին,  դուք դա չեք նկատո՞ւմ, շատ ուժեր Ադրբեջանում ուզում են, որ Հայաստան չլինի, է հետո՞, նորությո՞ւն է դա ձեզ համար:  Այդպիսի ուժեր արևելքում էլ կան, հյուսիսում էլ, արևմուտքում էլ կգտնվեն:  Ես Ադրբեջանի խոսնակը չեմ,  գնացեք բացեք ձեր կայքերը, կարդացեք՝ ինչ է ուզում Ադրբեջանը:  Ես այստեղ չեմ եկել ասեմ Ադրբեջանն ինչ է ուզում,  եկել եմ ասեմ, թե ինչ է ուզում ՀՀ-ն»,- նշեց Փաշինյանը:

Գառնիկ Դանիելյանն արձագանքելով՝ ասաց.

«Այնպես եք ջղայնանում հարցերից, ոնց որ ձեզ չպետք է տան այս հարցերը,  գնամ լրագրողին տամ, բա վարչապետ եք, ձեզ պետք է տամ, ինչո՞ւ եք ջղագրգիռ պատասխաններ տալիս: Ընդամենը 2 հարց եմ տվել»:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ