02 10 2024

Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի մասին․ Տիգրան Աբրահամյան

Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի մասին․ Տիգրան Աբրահամյան

«Այն իրավիճակը, որը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար Հայաստանի այսօրվա իշխանությունն է ստեղծել, նույնիսկ ամենածույլերին մղում է մեր երկրի նկատմամբ անառողջ և չհիմնավորված հավակնությունների ձևավորմանը»,- նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

«Ադրբեջանի նախագահը կրկին վերհիշել է մինչև 2018 թվականի ժամանակաշրջանի Արցախի հարցով բանակցային շրջանը և նշել, որ միջազգային շրջանակներից իրեն ասում էին, որ «պետք է հարմարվի առկա այն իրողությունների հետ, որ Ղարաբաղը կորցրել է և նոր սերնդին խաղաղության նախապատրաստի»:

Այս թեմայով Ալիևն առաջին անգամ չէ, որ խոսում է: Մի առիթով էլ վերջինս նեղսրտել էր, որ 2016 թվականի հոկտեմբերին, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, փակ դռների հետևում, նրան ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը:

Այդ շրջափուլում Ալիևն անգամ արկածախնդրության գնաց` ապրիլյան պատերազմի և դրան նախորդած դիվերսիոն պատերազմների միջոցով, սակայն միջազգային ճնշումը մշտապես աճել է և ինչպես Ալիևն է պնդում` իրեն ստիպել են համակերպվել այդ պահին առկա իրադրությանը:

Ալիևի ինքնախոստովանական պնդումները ոչ միայն այդ ժամանակահատվածի ողջ պատկերն են ամբողջացնում, այլ հստակ ցույց են տալիս, թե ինչ ուղղությամբ էին պրոցեսները շարժվում:

Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին, որովհետև այն իրավիճակը, որը նրա համար Հայաստանի այսօրվա իշխանությունն է ստեղծել նույնիսկ ամենածույլերին մղում է մեր երկրի նկատմամբ անառողջ և չհիմնավորված հավակնությունների ձևավորմանը»,- գրել է նա։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ