Հայաստանի իշխանությունների՝ հանրությանն իջեցվող կեղծ խաղաղասիրական օրակարգի, իսկ իրականում՝ խիստ անհամաչափ զիջողականության պայմաններում, Ադրբեջանը սպառազինության, ռազմական տեխնիկայի հսկայական գնումներ է իրականացնում: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանի նախագահն օրերս էլ հպարտորեն հայտարարում էր զինված ուժերի կարողությունների և պոտենցիալի կտրուկ մեծացման մասին՝ հատուկ նշանակության ուժերի, գրոհային ստորաբաժանումների նոր զորամիավորումների կազմավորումից մինչև սպառազինության մեծածավալ գնումներ:
Ի տարբերություն նախորդ շրջափուլերի, Ադրբեջանն իր ռազմական մատակարարումների ծավալը, տեխնիկական միջոցների տեսականին ու մոդելները հիմնականում պահում է գաղտնի:
Իմ տպավորությամբ, Ադրբեջանի՝ 2021-24 թվականի մատակարարումների ծավալն էականորեն մեծ է, քան պայմանական 2017-2020 թվականներին:
Ինչպես 2020 թվականի պատերազմից հետո, այնպես էլ հիմա՝ որոշակի դիվանագիտական քողարկվածությամբ, Ադրբեջանը պնդում է, որ ուժի կիրառման միջոցով Հայաստանի հետ խնդիրներ լուծելու միջոցն իր օրակարգում է, նաև ընդգծելով, որ աշխարհում հարց լուծողը ոչ թե իրավունքն է, այլ ուժը: Սրան համընթաց, Ադրբեջանը նոր պահանջ է իջեցնում Հայաստանին՝ փորձելով հասնել մեր երկրի ապառազմականացմանը:
Զուգահեռ, Ադրբեջանը պարբերական տեղեկատվական հարձակումներ է գործում՝ փորձելով արտաքին լսարանին ցույց տալ, թե իբր առաջնագծի տարբեր ուղղություններով Հայաստանը պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտումներ է թույլ տալիս:
Իսկ իրականում՝ զինանոցում ունենալով ռազմական գործիքակազմ, Ադրբեջանը մշտապես ակտիվ է պահում տեղեկատվական գերակայությունն ու Հայաստանին ագրեսոր ներկայացնելու իր մղումները, ըստ անհրաժեշտության, տարբեր մասշտաբների գործողություններ իրականացնելու համար:
Ի հեճուկս այս՝ Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներն ի ցույց դնող գործոնների, Հայաստանի իշխանությունն իր խոսույթով ու վարքագծով լեգիտիմացնում է Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը, ինչն առավել վտանգավոր է դարձնում Ադրբեջանի հետագա պահվածքը:
Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր նպատակը ոչ թե ֆիզիկապես այս կամ այն հայկական շրջանի կամ տարածքի նկատմամբ առավելություն ստանալն է, դա մարտավարական հարց է, այլ Հայաստանին այնպիսի իրավիճակում դնելը, որի պայմաններում երկիրը, միգուցե, ֆորմալ պետականության խորհրդանիշներ կունենա, սակայն անմիջականորեն կհայտնվի թուրք-ադրբեջանական տանդեմի ուղիղ վերահսկողության տակ:
Այս պայմաններում նույնիսկ էական էլ չի, թե որտեղով է անցնում սահմանը կամ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց կապը որտեղով են ապահովում՝ միջանցքով, թե ճանապարհով:
Հայաստանի այս իշխանության քաղաքական կուրսը երկիրը մղում է ինքնիշխանության կորստի, որի պայմաններում հայի գոյությունն ու ներկայությունը իր իսկ երկրում կդառնա խիստ ձևական»,- նշեց պատգամավորը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը