Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ Սրբազան պայքարի՝ հոկտեմբերի 2-ին մեկնարկող «Հաղթանակի և Հույսի» փուլին ընդառաջ, Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը առանձնացել է Հայաստանի վանքերից մեկում՝ աղոթքի, պահեցողության և ծոմապահության։
Բագրատ Սրբազանը գտնվում է Տավուշում՝ մեր միջնադարյան վանքերից մեկում։ Այնտեղից նա իր խոսքը հղեց ժողովրդին՝ կոչ անելով զինվել հավատով ու վստահեցրեց՝ պայքարի հաղթական ավարտին այլընտանք չկա։
«Այս մի քանի օրը գտնվելու ենք այս չնաշխարհիկ միջնադարյան վանքում՝ առանձին, մեկուսի՝ աղոթքի մեջ, խորհրդածության մեջ, պահեցողությամբ։ Եվ ներքին ուժականությամբ և զորությամբ Աստծո հետ առանձնանալով՝ մեր Տիրոջը խնդրելու ենք այն ճանապարհը, որը մեզ կտանի արդարության և հաղթանակների։
․․․ Բարդ և դժվար, բայց միևնույն ժամանակ՝ ուրախությամբ լեցուն օրեր են մեր առջև։ Բարդ և դժվար, որովհետև մեր առջև կանգնած են մեր երկիրը արնաքամ անող մի խումբ իշխանավորներ, որոնց համար ո՛չ ինքնություն գոյություն ունի, ո՛չ հայրենիք, ո՛չ պետություն, բայց միևնույն ժամանակ՝ ուրախության, որովհետև մեզ է տրված պատիվը՝ փոփոխությունը բերելու։
Մենք կոչված ենք նայելու Արարատին, Եռաբլուրին, Սուրբ Էջմիածնին, նայելու մեր սրտերից ու հոգիներից ներս ու այդպես շարունակելու մեր ընթացքը։
Ես հավատում եմ, որ մենք միասնական ջանքերով, մեր կամքով, մեր հավատքով կոչված ենք այս ընթացքը հասցնելու հաղթական ավարտի»,- ասաց Բագրատ Սրբազանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը