«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի քայլերը համընկնում են․ Զատուլինի մուտքը Երևան և Բաքու արգելված է
————————————
Դոնբասյան այցից հետո Մոսկվայում հանդիպեցինք ՌԴ պետական դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ։
Շատ անկեղծ ու բաց զրույց էր դոնբասյան պատերազմի, Արցախում տեղի ունեցածի, հայ–ռուսական հարաբերությունների, արցախահայության վերադարձի իրավունքի համար մղվող պայքարի, Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և այլ ռազմագերիների ազատ արձակման համար արվելիք քայլերի, տարածաշրջանային զարգացումների մասին։
Ի դեպ, Զատուլինին պաշտոնական Երևանն արգելել է մուտքը Հայաստան՝ այդպիսով կրկնելով Ալիևի որոշումը, որը արգելել է Զատուլինին մուտք գործել Ադրբեջան։
Եթե Բաքվի քայլերը Զատուլինի մասով տրամաբանական են, ապա հայկական շահերը պաշտպանող Զատուլինի մուտքի արգելքը Հայաստան ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Փաշինյանն ամբողջությամբ շարժվում է թուրք–ադրբեջանական օրակարգով։
Զատուլինին հանդիպելը այս ամենի համատեքստում շատ կարևոր էր։ Դա ուղերձ էր այն մասին, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չէ։ Հայաստանում կա նաև այլընտրանքային տեսակետ և այդ տեսակետի համար կռիվ տվող ուժ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը