17 09 2024

Պուտինն ու Օվերչուկը հաստատեցին՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը «կենդանի» է, իսկ Արցախի թեման փակված չէ․ Բենիամին Մաթևոսյան



Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Քաղաքականության մեջ պատահականություններ հաճախ են լինում, բայց դժվար է հավատալ, որ այն իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին, «բոլորովին պատահական է», որ նոր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի Հայաստան այցից մեկ օր առաջ (Փաշինյանն ու Բլինքենը զանգահարել են սեպտեմբերի 12-ին, իսկ Օվերչուկը ժամանել է սեպտեմբերի 13-ին)։

Զարմանալի չի լինի, եթե հետագայում պարզվի, որ Բլինքենը Օվերչուկից առաջ է իմացել Երևանի և Մոսկվայի միջև առաջիկա բանակցությունների թեմայի մասին։ Համաձայնեք ՝ ինքնիշխանության շատ յուրօրինակ մեկնաբանություն Նիկոլ Փաշինյանից․..

Ինչ վերաբերում է Օվերչուկի այցի էությանը, ապա լրագրողների հետ զրույցում ՌԴ փոխվարչապետը կրկին նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է հաղորդակցության ապաշրջափակում 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակում։ «Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և պատրաստ է օգնել այստեղ՝ հիմնվելով Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքների վրա»,- նշել է նա։

Սրան գումարվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ամառվա վերջին Բաքվում արված հայտարարությունները, երբ Իլհամ Ալիևի հետ զրույցում ՌԴ նախագահն ասաց, որ Մոսկվան ուրախ կլինի, եթե կարողանա ինչ-որ բան անել Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում և պարզ կդառնա, որ ԼՂՀ թեման Ռուսաստանի Դաշնության համար փակված չէ, իսկ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շարունակում է մնալ արդիական և համակարգային՝ մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ Հասկանալի է նաև, որ առանց Երևանի նախաձեռնության չի կարող լուծվել ոչ՛ ինքնիշխանության պահպանման շրջանակներում հաղորդակցությունների ապաշրջափակման, ոչ՛ էլ ղարաբաղյան հիմնախնդրի արդար լուծման թեման։

Ի դեպ, անդրադառնալով հաղորդակցություններին. նորից ընդգծենք, որ հաղորդակցությունների բացումը, Հայաստանի ինքնիշխանության ամբողջական պահպանմամբ հանդերձ, կրկին ասվել է հենց 2020 թվականի հայտարարության համատեքստում։

Եվ ահա անձամբ Նիկոլ Փաշինյանին հարց է առաջանում՝ արդյոք նա ուզում է պահպանել ինքնիշխանությունը, չէ որ նա հրաժարվում է իրականացնել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Կարո՞ղ է հիմնավոր կասկած լինել առ այն, որ ՀՀ իշխանությունները դեմ չեն կոմունիկացիաների նկատմամբ ինքնիշխանության կորստին։ Ըստ երևույթին, միայն ներքաղաքական նկատառումներից և Արևմուտքից անձնական անվտանգության և իշխանության պահպանման երաշխիքներ ստանալու ցանկությունից ելնելով, նրանք ցանկանում են հաղորդակցությունների վերահսկողությունը տալ աշխարհաքաղաքական այն խաղացողին, որին իրենք տեսնում են որպես իրենց անձնական անվտանգության երաշխավոր։ Սա կարող է լինել Վաշինգտոնը, Լոնդոնը, Բրյուսելը, և նույնիսկ Անկարան և Բաքուն…

Օվերչուկի այցը ևս մեկ կարևոր ասպեկտ ունի. հիշեք, թե ինչպես ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ ՌԴ իշխանությունում նա շփվում է նախագահի, վարչապետի, արտգործնախարարի հետ, իսկ Մարիա Զախարովան իր մակարդակը չէ։ Օվերչուկի այցը վկայում է, որ պաշտոնական Մոսկվան փոխվարչապետի մակարդակից չի բարձրացնում Ռուսաստանի իշխանությունների հետ քաղաքական շփումների մակարդակը Հայաստանի իշխանությունների համար։ Շատ խոսուն վկայություն, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում ՀՀ գործող իշխանություններին…

Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին անդրադարձավ հայ ժողովրդի առաջ իբր կանգնած երկընտրանքի թեմային՝ ապրել պատմական Հայաստանի համար, թե՞ իրական Հայաստանում բավարարվել կուշտ փորով։ Մի կողմ թողնենք, որ Փաշինյանը կրկին օգտագործեց «ֆորպոստ» տերմինը՝ ակնարկելով, որ Մոսկվան իր վարչապետությունից առաջ Հայաստանը դարձրել էր իր ցատկահարթակը Կովկասում, և միայն նշենք, որ Արցախի առկայությունը՝ որպես պատմական Հայաստանի մաս, ֆիզիկական պատնեշ էր ապահովում ադրբեջանական զորքերի առջև, որպեսզի նրանք չկարողանան կազմալուծել իրական Հայաստանը…

Մտածե՛ք այդ մասին…»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ