02 09 2024

ՀՀ իշխանություններին կոչ ենք անում միջազգային ատյաններում օրակարգային դարձնել Արցախի ժողովրդի՝ հայրենիք վերադառնալու իրավունքի հարցը. Արցախի ԱԺ

ՀՀ իշխանություններին կոչ ենք անում միջազգային ատյաններում օրակարգային դարձնել Արցախի ժողովրդի՝ հայրենիք վերադառնալու իրավունքի հարցը. Արցախի ԱԺ

 

1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին պատմական որոշումը: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին կայացած համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով և 1992թ. հունվարի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» հռչակագրով կազմավորվեց հայկական երկրորդ հանրապետությունը: Այս մասին ասված է Արցախի Ազգային ժողովի Արցախի Հանրապետության 33-ամյակի առթիվ տարածած հայտարարության մեջ:

«Շուրջ երեսուն տարիների ընթացքում, չնայած Ադրբեջանի մշտական սպառնալիքներին, սահմանադրական ամուր հիմքերով և արդյունավետորեն գործող պետական ու ժողովրդավարական հաստատություններով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ժողովուրդը ապահովում էր հայկական երկրորդ հանրապետության զարգացումը՝ փորձելով դառնալ պետությունների համաշխարհային ընտանիքի մաս:

Արցախահայության համար այս ծանրագույն ժամանակներում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության Ազգային ժողովը, առաջնորդվելով ժողովրդի կողմից իրեն վստահված մանդատով և նրա ապագայի նկատմամբ պատասխանատվությամբ, արձանագրում է.

  • Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովուրդը իր ինքնորոշման իրավունքն իրացրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան՝ որևէ առնչություն չունենալով Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության հետ:
  • Հայաստանի Հանրապետությունը, որպես Լեռնային Ղարաբաղի Հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Արցախի ժողովրդին ներկայացնող կողմ, անտեսելով ՀՀ Անկախության Հռչակագրից բխող պարտավորությունները, շրջանցելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի իր անվերապահ դերն ու խախտելով 1992թ․ հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում:
  • Ադրբեջանական Հանրապետությունը, որպես Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած սուբյեկտ, խաղաղության մասին բարձրագոչ հայտարարություններով մոլորեցնելով միջազգային հանրությանը, այսօր էլ որդեգրել է հայկական հետքը Արցախից վերացնելու՝ պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականություն, շարունակելով պատանդի կարգավիճակով ապօրինաբար պահել գերիների, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը։
  • Ռուսաստանի Դաշնությունը, որպես ռուսական կայսրության և ԽՍՀՄ իրավահաջորդ, հանդիսանալով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ և երաշխավոր, իր փաստացի ներկայության պայմաններում չի կանխել Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական հայաթափումը:
  • ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ի դեմս համանախագահ երկրներ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միակ օրինական մանդատ ունեցող կառույց, վճռական կեցվածք չորդեգրեց իր իսկ կողմից հռչակած սկզբունքների պահպանման գործում։ Ադրբեջանն այդ ամենը գնահատեց որպես թուլություն և, արհամարհելով միջազգային հանրության կողմից ընդունված ուժի չկիրառման մոտեցումները, 2020թ. և 2023թ. պատերազմական գործողությունների և ցեղասպանական քաղաքականության միջոցով բռնազավթեց միայնակ մնացած հայ ժողովրդի բազմադարյան բնօրրաններից մեկը՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության տարածքը:

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ներկայացուցչական մարմինը, արտահայտելով Արցախի ժողովրդի կամքը, կոչ է անում.
ՀՀ իշխանություններին՝
- Միջազգային ատյաններում օրակարգային դարձնել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովրդի՝ հայրենիք հավաքական կերպով վերադառնալու իրավունքի հարցը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին՝

  • Ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա շարունակել միջնորդական առաքելությունն Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ ապրելու իրավունքի իրացման նպատակով։
    ՄԱԿ-ին, ՄԱԿ անդամ երկրներին՝
  • Միջազգայնորեն ստանձնած մանդատի, պարտավորությունների և միջնորդությունների շրջանակում միջազգային հանրահայտ նորմերի և սկզբունքների, ինչպես նաև Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության հռչակման իրավա-քաղաքական փաստերի հիմքով Արցախի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների հետ գործակցությամբ ապահովել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովրդի՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադարձն ու այլ հավասար և անկապտելի իրավունքների իրացումը՝ որպես ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմք:

Մեր խոնարհումն ենք բերում ազատագրական պայքարի և պետականակերտման ճանապարհին իրենց կյանքը նվիրաբերած հերոսներին»,-ասված է հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ