02 09 2024

Հայաստանի հետ հաշվի էին նստում, իսկ հիմա դարձել ենք ընդամենը միջազգային իրավունքի օբյեկտ․ Մամիջանյան



Հայաստանը տարածաշրջանում գործոն էր, Հայաստանի հետ հաշվի էին նստում, իսկ հիմա դարձել ենք ընդամենը միջազգային իրավունքի օբյեկտ, որն իր վրա կարող է կրել և կրելու է ամենավատագույն լուծումները, որոնք հրամցվելու են սրանց: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի ներկայացուցչության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Հարցին՝ ո՞րն է ընդդիմության անելիքը այս պայմաններում, նա պատասխանեց. «Օրուգիշեր, բոլոր հնարավոր ճանապարհներով պայքարել դրա դեմ, ինչը այս պահին ակնհայտորեն հաջողության չի հասնում: Պետք է օգտագործվեն բոլոր գործիքները՝ այսպիսի ելույթներից մինչև յուրաքանչյուր քաղաքացու հետ հանդիպում, զրույց, բացատրություն, որովհետև ՀՀ քաղաքացին իր բնույթով շատ խելացի է: Իրեն պետք է միայն ճշմարտությունը հրամցնել:

ՀՀ-ում ամեն 3-րդ կամ 4-րդ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան: Դրանք մարդիկ են, որոնք նիրհից զարթնել են: Մեզնից յուրաքանչյուրը պետք է անի ամեն ինչ, որ այդպիսի մարդիկ շատանան»,-ասաց նա:

Անդրադառնալով Արցախի խնդրին, Մամիջանյանն ասաց. 

«Արցախը հայերով կրկին վերաբնակեցնելու համար կան անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ: Առաջին անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը, ըստ նրա, ՀՀ իշխանությունների կողմից նման հարցի և ներքաղաքական, և  միջազգային քաղաքական օրակարգում բարձրաձայնումն է։ Ո՞ւր է, մի շնչավոր չենք տեսնում, թող գան, տեսնենք ինչն ենք կորցրել իրենց պատճառով, ինչն են հանձնել, գոնե դա թող գան նայեն, բայց դա իրենց չի հետաքրքրում, իրենք նորմալ հայի, հայրենասեր հայի օրակարգից տրամագծորեն տարբեր օրակարգ ունեն»,- նշեց Մամիջանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ