27 08 2024

Հրայր Թովմասյանից ազատվելու համար «փուռն են տալիս» հերթական դատավորին. 168.am

Հրայր Թովմասյանից ազատվելու համար «փուռն են տալիս» հերթական դատավորին. 168.am

Վաղը Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ, ՍԴ գործող դատավոր Հրայր Թովմասյանի գործով հերթական դատական նիստն է: Վաղվանից այս նիստերը կընթանան ամեն օր հաճախականությամբ: Գրում է 168.am-ը։

«Օգոստոսի 22-ին տեղի ունեցած դատական նիստին, որին չէր մասնակցում Հրայր Թովմասյանը, քանի որ նախորդ նիստերից մեկի ժամանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նրան հեռացրել էր դատական նիստերի դահլիճից, մասնակցում էր նրա պաշտպան Արամ Օրբելյանը, ում ամեն կերպ դատավորը փորձում էր համոզել, որ Շերամի փողոցի ինչ-որ հասցե ծանուցում ուղարկելով ու չգիտես՝ ում ստորագրությունը որպես տեղեկացված անձ ստանալով, պատշաճ ծանուցված է համարվում հենց Արամ Օրբելյանը: Ինչպես ասում են, ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ: Եվ սա այն դեպքում, երբ դատավորը Արամ Օրբելյանի ստորագրությամբ տասնյակ փաստաթղթեր ուներ իր ձեռքի տակ և ցանկության դեպքում շատ հանգիստ կարող էր համեմատել ստորագրությունները՝ դրանով իսկ նախապես կանխելով իր աշխատակազմի փնթի աշխատանքի մասին բարձրաձայնումները:

Ինչևէ, Տաթևիկ Գրիգորյանը ժամանակ չունի, շտապում է, և թերևս նման մանր-մունր հարցերով իր ուղեղը չի ուզում ծանրաբեռնել…Բայց այդ մասին՝ քիչ անց:
Եթե ոչ իրավաբանական, ընթերցողի համար մատչելի լեզվով ասենք, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը մեղադրվում է արդարադատության նախարար եղած տարիներին պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ֆինանսական խոշոր շահույթ ստանալու մեջ: Մեղադրանքի կողմի կարծիքով՝ Հրայր Թովմասյանը խոշոր չափի վնաս է պատճառել Կենտրոն նոտարական գրասենյակի նոտարներին, և պետությունը՝ ի դեմս Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, 4.5 տարի է՝ քննում է գործը, որի տրամաբանական ավարտը պետք է լինի դատական ակտի տեսքով՝ կա՛մ Հրայր Թովմասյանը մեղավոր է, կա՛մ ոչ:

4.5 տարի այս գործը քննվել է հանդարտ ռեժիմով, 4.5 տարի կողմերից որևէ մեկը լարվածություն չի ցուցաբերել (առնվազն նման տեղեկատվություն չի եղել հասանելի հանրությանը,-Գ.Ս.), 4.5 տարի դատախազը Հրայր Թովմասյանի ձեռքի եղած առարկային ուշադրություն չի դարձրել, դատավորն էլ չի ասել՝ պահի՛ր ձեռքիդ իրը, դատախազը նեղվում է, և, ի վերջո, դատավոր Տաթևիկ Գրիգորյանը 4.5 տարի հարգել է ՍԴ նախկին նախագահի կարգավիճակը ու նրան դատական նիստերի դահլիճից դուրս չի հրավիրել, դատական նիստի հետ կապ չունեցող ելույթներով հանդես չի եկել՝ իր վարքագիծն արդարացնելու համար նախապես գրված ինքնապաշտպանական ճառերով էլ հանդես չի եկել:
Ամեն ինչ տեսել էինք՝ մեղադրական ճառ, պաշտպանական ճառ, բայց որ դատավորը դատական նիստի ժամանակ հանդես կգա ինքնապաշտպանական ճառով, նորություն էր, թեպետ մեր ժամանակներում երևի թե ոչնչից զարմանալ պետք չէ:

Տաթևիկ Գրիգորյանի՝ նախապես գրված և նիստի օրն ընթերցված ելույթն ըստ էության ուղղված էր Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ), ավելի ճիշտ՝ նրա նախագահ Կարեն Անդրեասյանին, որ վերջինս հանկարծ իր մասին էլ ֆիլմ չնկարի, ինքը չհայտարարվի որպես գործի քննության ժամկետները խախտած դատավոր ու չզրկվի դատավորի պատմուճանից: Տաթևիկ Գրիգորյանն արդարանում էր՝ ինչու է այդքան ժամանակ քննում այս գործը: Ավելին, Տաթևիկ Գրիգորյանը որոշել է տառացի հետևել Դատական դեպարտամենտի (այն է՝ ԲԴԽ նախագահի.-Գ.Ս.) նկարահանած ֆիլմում բերված՝ դատավորներին ուղղված հրահանգներին – գործերը առանձնացնել (չնայած դրա համար իրավական հիմք չկա.-Գ.Ս.), նիստերը նշանակել էլ ավելի մոտ օրերի (ամեն օր,-Գ.Ս.) և այլն:

Դատական նիստից հետո Արամ Օրբելյանը թեև երկար պատասխանում էր գործի ու դատական վերջին նիստերի ընթացքի վերաբերյալ լրագրողների հարցերին, բայց իր ճեպազրույցի հիմնական միտքը նա ասաց իր խոսքի գրեթե ամենասկզբում՝ Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը նախաձեռնվել է Սահմանադրական դատարանում փոփոխություններ կատարելու համար:
Փոփոխությունները բարեհաջող կերպով կատարվեցին. Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, բայց Նիկոլ Փաշինյանին ու Կարեն Անդրեասյանին պետք է, որ վերջինս դադարի պաշտոնավարել՝ որպես ՍԴ դատավոր, իսկ դրա համար անհրաժեշտ է մեղադրական դատական ակտ, ինչին էլ ձգտում է հասնել Տաթևիկ Գրիգորյանն իր խիստ տարօրինակ դատավարական վարքագծով:

Տաթևիկ Գրիգորյանը ՀՀ այն քիչ դատավորներից է, ով չէր տեղավորվում Նիկոլ Փաշինյանի հայտարարած «կա՞ դատավոր, ով իմ ասածը չի անի» անտրամաբանական թեզի տրամաբանական հակադրության մեջ: Տաթևիկ Գրիգորյանն այս ընթացքում քննել է քաղաքական հնչեղ գործեր, բայց դիմացել է ճնշումներին ու մեծ հաշվով քաղաքական հրահանգ չի կատարել: Ուրեմն ի՞նչը կարող էր նրան ստիպել, օրինակ, Հրայր Թովմասյանից պահանջել, որ պահի իր ձեռքում եղած քրիստոնեական խորհրդանիշով հուռութքը, որովհետև այն ազդում է մեղադրող դատախազի նյարդերի վրա, ու երբ ՍԴ դատավորն առարկում է, հեռացնի նրան դատական նիստերի դահլիճից: Պատասխանը, պարզվում է, շատ պարզունակ է, և այն, ինչ Նիկոլ Փաշինյան-Կարեն Անդրեասյան-հիմա արդեն՝ նաև Մնացական Մարտիրոսյան եռյակից չի կարողացել ստանալ ճնշումների միջոցով, փորձում է ստանալ ավանդական փորձված եղանակով՝ առաջխաղացման առաջարկ:
Եվ հենց սա է 168.am-ի տեղեկություններով, Տաթևիկ Գրիգորյանին ստիպում իրեն պահել այնպես, ինչպես նրա գործունեության ընթացքում վերջինիս չի ճանաչել ոչ ոք:

Մեր տեղեկություններով՝ շուրջ 2 ամիս առաջ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հանդիպել է Տաթևիկ Գրիգորյանի հետ ու նրան առաջարկել սեպտեմբերին լիազորություններն ավարտող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի փոխարեն տեղափոխվել Վերաքննիչ դատարան, բայց…մի պայմանով. Տաթևիկ Գրիգորյանը պետք է մինչև սեպտեմբեր ավարտի Հրայր Թովմասյանի գործը՝ բնականաբար, մեղադրական դատավճռով...»,-ասվում է  հոդվածում։

Հոդվածն ամբողջությամբ՝ կից հղումով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ