ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պետության կազմաքանդումը շարունակվում է․․․․
Հայրենական անասնապահությունը, որը վերջին տարիներին որևէ լուրջ ձեռքբերումով աչքի չէր ընկնում, այժմ գտնվում է շատ մտահոգիչ վիճակում։ Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը սիստեմատիկորեն նվազում է։ Իսկ տավարի մսի ինքնարժեքը, որը երբեք էժան չի եղել սպառողների համար, ավելի է թանկանում։
Վերջերս հարցումով դիմել էի Շիրակի մարզի բոլոր համայնքների (բացառությամբ Գյումրի համայնքի) ղեկավարներին՝ ճշտելու համայնքներում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը։ Ստացված տվյալները շատ մտահոգիչ էին։ Մարզում շարունակվում է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատման տագնապալի միտումը։ Անասնագլխաքանակի հատկապես զգալի կրճատում է նկատվել Ամասիա և Աշոցք համայնքներում։
Խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի կտրուկ կրճատումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ներքին գյուղատնտեսության և ընդհանրապես երկրի պարենային անվտանգության համար: Անասնագլխաքանակի պակասումը հանգեցնում է կաթի և մսի արտադրության նվազմանը, ինչը կարող է բերել այդ մթերքների գների բարձրացմանը և բացասաբար ազդել բնակչության համար սննդի մատչելիության վրա:
Խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի նվազման հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել գյուղատնտեսության անկայունությունը՝ պայմանավորված տարբեր գործոններով, ինչպիսիք են կաթի մթերման ցածր գները, կառավարության թիրախավորված աջակցության բացակայությունը, կերի բացակայությունը, անասունների պահպանման բարձր ծախսերը և այս ոլորտում երիտասարդ և բանիմաց մասնագետների բացակայությունը:
Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ, որ կառավարությունը պատրաստ լինի իրականացնել գյուղատնտեսության աջակցության և զարգացման համապարփակ և երկարատև միջոցառումներ, ներառյալ գյուղատնտեսական արտադրողների սուբսիդավորումը, մատչելի վարկերի ապահովումը, ենթակառուցվածքների զարգացումը և գյուղատնտեսության ոլորտում աշխատողների որակավորման բարձրացումը: Նման միջոցառումները կօգնեն կայունացնել իրավիճակը և նպաստել Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի ավելացմանը ՝ ապահովելով մեր պետության պարենային անվտանգություն և գյուղատնտեսության զարգացումը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը