ԱՄՆ-ն հավանական է համարում, որ Իրանը և Մերձավոր Արևելքում նրա աջակցությունը վայելող ուժերն առաջիկա օրերին կհարձակվեն Իսրայելի վրա։
Սպիտակ տան՝ ազգային անվտանգության հաղորդակցությունների գծով խորհրդական Ջոն Քիրբին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը լրջորեն է վերաբերվում հարձակման մասին տեղեկություններին և տարածաշրջանում ուժերի վերադասավորում է անում՝ մեծացնելով կարողությունն ու հզորությունը։
Նշենք նաև, որ Իրանին իրավիճակը չսրելու կոչով դիմել են ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ղեկավարներ։
Միևնույն ժամանակ, ըստ իրանական լրատվամիջոցների, հայտարարությամբ է հանդես եկել Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ ասելով․ «Իրանի Իսլամական հանրապետությունը վճռական է տրամադրված ինքնիշխանության և ազգային անվտանգության ապահովման, տարածաշրջանային կայունության խթանման և տարածաշրջանում ահաբեկչության և անկայունության իրական աղբյուրի նկատմամբ զսպման հարցում և որևէ մեկից թույլտվություն չի խնդրի իր իրավունքների իրացման համար: Եթե այդ երկրներն իսկապես ձգտում են տարածաշրջանում խաղաղության և կայունության, պետք է առանց վերապահման հանդես գան իսրայելական ռեժիմի սադրանքների և հակամարտության հրահրման դեմ, անհապաղ ավարտեն Գազայի հատվածի դեմ պատերազմը և վերջ դնեն Պաղեստինի կանանց, երեխաների և անպաշտպան բնակիչների սպանություններին»։
Հիշեցնենք, որ Իրանը հայտարարել է վրեժխնդրության գործողությունների մասիմն՝ հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության պատճառով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը