09 08 2024

ՀՀ-Իրան ռազմաքաղաքական դաշինքի հնարավորություններն ու հավանական մարտահրավերները. Արա Պողոսյան

ՀՀ-Իրան ռազմաքաղաքական դաշինքի հնարավորություններն ու հավանական մարտահրավերները. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« ՀՀ-Իրան ռազմաքաղաքական դաշինքի հնարավորություններն ու հավանական մարտահրավերները

Քանի որ իրանական փորձագիտական շրջանակները ակտիվորեն քննարկում են Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության հարցը, կարծում եմ տեղին է հարցի մասին որոշակի պարզաբանումներ տալը։

Հայաստան-Իրան ռազմա-քաղաքական դաշինքը Հայաստանի Հանրապետության համար ունի կենսական նշանակություն ռեգիոնալ անվտանգային ճարտարապետության համատեքստում։

Սակայն այս դեպքում ևս պետք է խոսենք դրանից եկող և մարտահրավերների և հնարավորությունների մասին։ «Խելացի պետություն»-ը (Smart state) նախ նժարին կդնի հնարավորությունները և մարտահրավերները, այնհետեւ կմշակի մարտահրավերների կառավարման և չեզոքացման ծրագիրը, իսկ այնուհետև կմշակի հնարավորություններն ամբողջովին օգտագործելու ռազմավարական ծրագիր։

Մարտահրավերների առաջին խումբը թերեւս Իրան-Արևմուտք, Իրան-ԱՄՆ հակասություններն են (Իրան-Իսրայել բաց հակամարտությունը), այդ հակասությունների մեջ Իրանի նկատմամբ կիրառված սանկցիաներն են, ինչպես նաև դեռևս պահպանվող մեծ պատերազմի հավանականությունը։

Մյուսը Իրանի էներգետիկ ռեսուրսների դեպի Եվրոպա տարանցման հարցն է, որտեղ հավանական տարանցման երկիր կարող է լինել Թուրքիան, իր տարածքում հնարավոր ստեղծվելիք միջազգային գազային հաբը կարող է լինել, ինչը կարող է Իրանի համար Թուրքիայի հետ հարաբերությունների տաքացման հավանականություն ստեղծել, թեպետ Ռուսաստանի և Իրանի միջև նոր գազային պայմանագիրը կարող է հենց Իրանին դարձնել տարածաշրջանային գազային հաբ։ Թուրքիա-Իրան հարաբերությունների հնարավոր կարգավորումը, որը միջնաժամկետ հեռանկարում կարող է նաև հայելային անդրադարձ ունենալ Ադրբեջան-Իրան հարաբերությունների վրա, Հայաստանի համար կարող է ստեղծել նոր մարտահրավերներ։

Խոսելով հնարավորությունների մասին, առաջինը պետք է նկատի ունենալ ռազմատեխնիկական համագործակցությունը, որը կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի համար կարող է նոր անվտանգային ճարտարապետության հիմնական սյուներից մեկը լինել։ Այս հնարավորությունը օգտագործելուց առավելագույն օգուտ ստանալու համար պետք է ռազմատեխնիկական համագործակցությունը լինի ո'չ թե զուտ սպառողական, այլև համատեղ ռազմական ձեռնարկությունների հիմնադրմամբ։ Հատկապես կարեւոր ուղղություններից են հրթիռաշինությունը, ՀՕՊ միջոցների, ԱԹՍ-ների համատեղ մշակումներն ու արտադրությունը և այլն։

Հնարավորությունների հաջորդ բլոկը ընդգրկում է ռեգիոնալ անվտանգային և քաղաքական ճարտարապետության մասնիկը կամ որ ավելի ճիշտ է ակտորը դառնալու հնարավորությունն է։ Իրանա-չինական ռազմավարական համագործակցության համատեքստում Հայաստանը Իրանի միջոցով կարող է մասնակցել նոր եռակողմ ձեւաչափի ձեւավորմանը, որը կբարձրացնի ինչպես ՀՀ-ում ներդրումների ծավալները, այնպես էլ անվտանգային միջավայրի ստաբիլացման մակարդակը։

Իրանի հետ ռազմա-քաղաքական դաշինքը կարող է նաև հաջորդ ռեգիոնալ համագործակցության եռակողմ հարթակը ձևավորել` Իրան-Հայաստան-Հնդկաստան։

Միեւնույն ժամանակ, խոսելով այն մասին, որ այս պահին Հայաստանը հնարավորություն չունի աշխարհաքաղաքական բախման կենտրոնի վերածվելու, և որ դա կարող է Հայաստանի համար կործանարար հետեւանքներ ունենալ, ապա այս ռազմաքաղաքական համագործակցության հարթակները առնվազն կարճաժամկետ հեռանկարում պետք է հայտարարվեն որպես զուտ ռեգիոնալ համագործակցության ձևաչափեր հանուն Հայաստանի անվտանգության։

Այսպիսով` անվտանգության բազմակողմ համակարգի կառուցմամբ Հայաստանը կկարողանա դիվերսիֆիկացնել իր անվտանգության միջոցները, կկարողանա ստեղծել ռազմական մատակարարումների բազմակողմ հարթակ, որը իր հետ կբերի նաեւ նոր կոմունիկացիոն ուղիներ։

Հայաստան-Իրան-Հնդկաստան ռազմավարական համագործակցության օգտին է խոսում նաև իրանա-հնդկական նախաձեռնությունը` Չաբահար նավահանգստի միջոցով նոր լոգիստիկ ուղի, որին հրավիրված է մասնակցելու նաեւ Հայաստանը։ Ավելին` առաջիկայում նախատեսվում է հանդիպում Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի ներկայացուցիչների միջև։

Միեւնույն ժամանակ համագործակցության այս հարթակները` որպես ռազմավարական ամբողջություն, պետք առնվազն հրապարակային խոսքում չհակադրվեն ո'չ ԱՄՆ և ո'չ էլ ՌԴ աշխարհաքաղաքական հավակնություններին, ասել է թե մնան որպես տարածաշրջանային խնդիրների լուծման հարթակ։

Խնդրի լուծման համար միաժամանակ երկու ձեւաչափերը կհավասարակշռեն թե' ՌԴ-ի և թե' ԱՄՆ-ի «խանդի» դրսեւորումները։ Մասնավորապես Հնդկաստանը ԱՄՆ-ի լավագույն դաշնակիցն է Հարավային Ասիայում, իսկ Չինաստանն ու Իրանը` Ռուսաստանի ռազմավարական գործընկերներն են։

Այսքանը հպանցիկ` մարտահրավերների և հնարավորությունների մասին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ