«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է.
«Փաշինյանը գնում է Սահակաշվիլու ճանապարհով. ո՞ր տարբերակը կունենանք
_________________
2008 թվականի օգոստոսի 8-ին Վրաստանի այն ժամանակվա նախագահ Սահակաշվիլին գնաց արկածախնդրության: Հարձակվեց Հարավային Օսիայի վրա:
Սահակաշվիլուն թվում էր, թե Ռուսաստանը թույլ է և ինքը բլից-կրիգով կգրավի իր ուզած տարածքները, բայց հետագայում ստիպված կծոտում էր սեփական փողկապը:
Վրաստանը Ռուսաստանին պարտվեց 5-օրյա պատերազմում: Աբխազիան ու Հարավային Օսիան ամբողջությամբ տարանջատվեցին Վրաստանից: ՌԴ-ն ճանաչեց այդ երկու հանրապետությունների անկախությունը:
Սահակաշվիլի՞ն էր որոշել հարձակվել, թե՞ իրեն դրդել էր Արևմուտքը, այլ քննարկման թեմա է: Փաստն այն է, որ Սահակաշվիլուն Արևմուտքը գետնի վրա չակաջցեց և չէր էլ կարող աջակցել: Ավելին, Արևմուտքն աջակցության խնդիր չէր էլ դրել: Արևմուտքին պետք էր, որպեսզի Վրաստանը դառնա հակառուսական տարածք և հետագայում հնարավոր չլինի Հյուսիս-Հարավ կոմունիկացիայի գործարկումը, այսինքն՝ Արևմուտքը խնդիր էր դրել Հարավային Կովկասը վերածել վառոդի տակառի՝ իր գլոբալ մրցակիցներին վնասելու համար: Իսկ թե ինչ կլիներ տարածաշրջանի պետությունների ու ժողովուրդների հետ, Արևմուտքին չէր հետաքրքրում:
Սահակաշվիլին Վրաստանը դրեց հակառուսական պայքարի զոհասեղանին ու մարդկային ողբերգության պատճառ դարձավ: Վրացիներն այդ ամենից դասեր քաղեցին: Դա է պատճառը, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները չեն ուզում Արևմուտքի ձեռքում դառնալ մանրադրամ ու իրենց երկիրը չեն դարձնում հակառուսական պայքարի զոհ:
Վաշինգտոնից չեն թաքցնում, որ իրենց նպատակը ոչ թե Վրաստանին ԵՄ անդամ դարձնելն է, ոչ թե Վրաստանի ժողովրդավարական ապագան է, ոչ թե վրացիների բարեկեցությունն է, այլ այդ երկիրը թնդանոթի մսի վերածելն է:
Դատելով ամենից՝ հոկտեմբերին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԱՄՆ-ը կփորձի ապակայունացնել ներքաղաքական վիճակը Վրաստանում, որպեսզի այդ երկիրը տանի ուկրաինացման ճանապարհով, այսինքն՝ ավերակների վերածի՝ հանուն սեփական աշխարհաքաղաքական շահերի: Թե ինչպիսին կլինի վրաց ժողովրդի պատասխանն այդ ամենին, ցույց կտան առաջիկա ամիսները:
Հայաստանի համար վրացական դասերը շատ արդիական են: Նիկոլ Փաշինյանը գնում է Սահակաշվիլու ճանապարհով՝ մեր երկիրը դարձնելով աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ:
Փաշինյանի հակառուսական ու հակաիրանական քաղաքականությունը սպառնալիք է մեր պետականության համար: Ստեղծված իրավիճակից կա զարգացման երկու տարբերակ: Երկուսն էլ սահակաշվիլիական են: Կա՛մ Հայաստանը մինչև վերջ կգնա սահակաշվիլիական ոճի արկածախնդրության, և մենք կարժանանանք շատ ավելի վատ ճակատագրի, քան եղավ Վրաստանի հետ 2008-ին, կա՛մ Փաշինյանը կհեռացվի՝ արժանանալով Սահակաշվիլու ներկայիս ճակատագրին: Ընտրությունը պարզ է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը