04 08 2024

Իսրայելը պատրաստվում է Իրանի հնարավոր հարձակումներին

Իսրայելը պատրաստվում է Իրանի հնարավոր հարձակումներին

Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում է, որ հարձակումները կարող են լինել մի քանի ճակատներից: Այս մասին գրում է Timesofisrael.com-ը:

Ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ն ջանում է վերականգնել տարածաշրջանային կոալիցիան, որն այս տարվա ապրիլին կարողացել էր գրեթե ամբողջությամբ խափանել Իսրայելի վրա իրանական ուղղակի հարձակումը, որի ժամանակ Իրանն ավելի քան 300 հրթիռ և անօդաչու էր արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Դամասկոսում իրանցի բարձրաստիճան բանակի գեներալների սպանությանը:

Նշվում է, որ ԱՄՆ-ն արդեն հայտնել է կործանիչների էսկադրիլիան և ավիակիրներից մեկը Մերձավոր Արևելք տեղափոխելու և տարածաշրջանում պահելու մասին: Ըստ Պենտագոնի՝ այսպիսով ուժեղացվում է ամերիկյան ռազմական ներկայությունը՝ պաշտպանելու Իսրայելին Իրանի և նրա աջակցությունը վայելող այլ շարժումների  կողմից հնարավոր հարձակումներից և պաշտպանելու ամերիկյան զորքերը:

Պենտագոնի հայտարարության մեջ ասվում է, որ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նաև պատվիրել է հավելյալ բալիստիկ հրթիռային պաշտպանություն կրող հածանավեր և կործանիչներ տեղակայել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում և քայլեր է ձեռնարկում այնտեղ ավելի շատ ցամաքային բալիստիկ հրթիռային պաշտպանության զենք ուղարկելու համար:

Ենթադրյալ իրանական հարձակումը կարող է տեղի ունենալ երկուշաբթի, գրում է Axios-ը, որը հղում է անում ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ