Իրանի արտաքին գործերի նախարարությունը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի՝ Թեհրանում տեղի ունեցած սպանությանը մեղսակից է համարել ԱՄՆ-ին։ «ԱԳՆ-ն ընդգծում է ԱՄՆ կառավարության պատասխանատվությունը՝ որպես մեղսակից այս զազրելի ահաբեկչական գործողության իրականացմանը և սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների բռնազավթման և ցեղասպանության շարունակությանը», - ասվում է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներգրավված չի եղել Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությանը։ «Դրա մասին մենք չենք իմացել և ներգրավված չենք եղել: Շատ դժվար է շահարկումներ անել»,- ասել է Բլինքենը հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահը սպանվել են Թեհրանում կեցավայրի վրա հարձակման հետևանքով։ Հանիեն այցելել էր Իրան՝ մասնակցելու նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Սպանությունը տեղի է ունեցել երդմնակալության արարողությունից հետո՝ հուլիսի 31-ի առավոտյան։
Ըստ լրատվամիջոցների՝ Թեհրանում իր կեցավայրի վրա հրթիռային հարված է եղել։
ՀԱՄԱՍ շարժումը կատարվածի համար մեղադրել է Իսրայելին։
ՀԱՄԱՍ-ը կպատասխանի Իսրայելին շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար, РИА Новости-ին հայտնել է Ալժիրում կազմակերպության ներկայացուցիչ Յուսեֆ Համդանը։
Իր հերթին Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը, արձագանքելով Հանիեի սպանությանը, ասել է, որ երկիրը պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունն ու արժանապատվությունը։
«Այսօր սիրելի Իրանը սգում է Պաղեստինի դիմադրության քաջարի առաջնորդ Իսմայիլ Հանիեի նահատակությունը: Երեկ ես սեղմում էի նրա հաղթական ձեռքը, իսկ այսօր պետք է նրա դագաղը տանեմ ուսերիս: Իրանի և Պաղեստինի երկու հպարտ ժողովուրդների միջև կապը կլինի ավելի ամուր, քան նախկինում, իսկ ճնշվածների դիմադրության և պաշտպանության ճանապարհն ավելի կամրապնդվի», - X-ում գրել է նա:
Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը «կստիպի ահաբեկիչ օկուպանտներին (նկատի ունի Իսրայելը-Խմբ.) զղջալ իրենց վախկոտ արարքի համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը