ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժողովրդին ուղղված ուղերձում բացատրել է, թե ինչու է որոշել դուրս գալ նախագահական մրցապայքարից, գրում է bbc.com-ը:
«Ես հավատում եմ, որ իմ ձեռքբերումները որպես նախագահ, իմ առաջնորդությունն աշխարհում, իմ տեսլականն Ամերիկայի ապագայի վերաբերյալ արժանի են դարձնում երկրորդ ժամկետի համար առաջադրվելը: Բայց ոչինչ չի կարող խանգարել մեր ժողովրդավարությունը փրկելուն։ Սա վերաբերում է նաև անձնական հավակնություններին»,- ասել է նա։
Բայդենի խոսքով՝ վերջին շաբաթներին ինքը հասկացել է, որ պետք է միավորի երկիրը և Դեմոկրատական կուսակցությունը, և որ առաջ շարժվելու լավագույն միջոցը «էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է»:
«Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Հասարակության մեջ ժամանակ և տեղ կա երկար տարիների փորձ ունեցող մարդկանց համար: Սակայն կա նաև ժամանակ և տեղ նոր ձայների, թարմ ձայների համար, և այո՛, երիտասարդ ձայների համար: Ես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ սիրում եմ իմ երկիրը: Այս երկրին որպես նախագահ ծառայելը իմ կյանքի պատիվն է եղել»,- հավելել է նա։
Բայդենը նաև կոչ է արել ամերիկացիներին աջակցել Կամալա Հարիսին, որը մոտ ապագայում պետք է դառնա ԱՄՆ նախագահի թեկնածու։
«Ես կատարել եմ իմ ընտրությունը, հիմա ընտրությունը ձերն է», - ասել է Բայդենը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը