18 07 2024

Իսկ «դրսից տղա» Նիկոլն, իրոք, բերում է. Անդրանիկ Թևանյան

Իսկ «դրսից տղա» Նիկոլն, իրոք, բերում է. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ  Անդրանիկ Թևանյանը գրում է.

«Ամերիկյան դեսանտ հայկական բանակում․ Նիկոլ Փաշինյանը միա՞կ մեղավորն է

Հայաստանն իր պատմության ամենադրամատիկ փուլի մեջ  է մտել։ Ավելի դրամատիկ, քան 1915-ին կամ 1920–ին էր։ Քանզի 1915–ից հետո կարողացանք պետություն ստեղծել, թեև չկարողացանք պահել։ Սակայն 1920–ին կատաստրոֆիկ սխալներ գործելուց և պետությունը կորցնելուց հետո հնարավոր եղավ ոչ թե վերանալ, այլ փրկվել Սովետական միության տարածքում, զարգանալ ու 1991–ին վերակերտել պետականությունը։

Հիմա Հայաստանը վերանալու եզրին է կանգնած, բայց առանց փրկվելու տարբերակի, ինչը ոչ թե օբյեկտիվ, այլ խիստ սուբյեկտիվ գործոնով է պայմանավորված։ Նիկոլ Փաշինյանը  Հայաստանը միտումնավոր դարձնում է տարածաշրջանային «իզգոյ» ու մեկուսացնում մեզ։ Եթե այսօրվա քաղաքականությունը փոխվի, ապա մենք միանգամից դրախտում չենք հայտնվի, բայց նաև դժոխքից կխուսափենք։ Նիկոլի պարագայում շանս չկա։

Մեր դաշնակից ու բարեկամ երկրներից բազմիցս հնչել են հորդորներ, որ Հայաստանը տարածաշրջանային հարցերում արտատարածաշրջանային երկրներին չներգրավի։ Ավելի պարզ ասած՝ Ռուսաստանն ու Իրանը դեմ են, որպեսզի ԱՄՆ և ԵՄ–ն Հայաստանի միջոցով խառնվեն կովկասյան գործերին։ Զուտ ձևականորեն Թուրքիան ու Ադրբեջանն էլ են դրան դեմ արտահայտվում, թեև նիկոլական խառնակչությունների իրական շահառուներն իրենք են։
Էրդողանն ու Ալիևը Փաշինյանի միջոցով են ստանում իրենց ուզածը, բայց մյուս կողմից էլ ցույց են տալիս, թե, իբր, կողմ են 3+3 ձևաչափին, բայց դե Նիկոլն է «դրսից տղա» բերում, իրենք ի՞նչ կարող են անել։

Իսկ «դրսից տղա» Նիկոլն, իրոք, բերում է։ Երկու ուշագրավ և վտանգավոր փաստ․
–հուլիսի 15–ին մեկնարկել են հայ–ամերիկյան զորավարժությունները,
–ՀՀ պաշտպանության նախարարությունում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի։
Ամերիկյան այս դեսանտը Հայաստանի անվտանգության մակարդակը ոչ թե բարձրացնելու է, այլ ճիշտ հակառակը, քանի որ մեր երկիրը վերածվում է կռվախնձորի, որի պայմաններում ԱՄՆ անվտանգության ոչ մի երաշխիք չի տալիս, բայց «պատերազմի խաչմերուկ» դառնալու հեռանկար տալիս է։

Նիկոլի այս արկածախնդրությունը մեզ թշնամացնում է Ռուսաստանի ու Իրանի հետ, ինչից շտապելու են օգտվել Ադրբեջանն ու Թուրքիան։ Գինը դառնալու է Հայաստանը, որին սպառնում է Արցախի ճակատագիրը։

ԱՄՆ–ը Հայաստանի դեմ բան չունի, բայց հանուն հակառուսական ու հակաիրանական ծրագրերի չնկատելու կտա Հայաստանի վերացումը ճիշտ այնպես, ինչպես հանուն ռուսական խաղաղապահների դուրս բերման չնկատեց Արցախում հայերի էթնիկ զտումը։

ԱՄՆ–ի ու ԵՄ–ի հետ նորմալ հարաբերությունները բխում են ՀՀ շահերից, բայց դրանք պետք է լինեն ո՛չ ի հաշիվ հայ–ռուսականի և հայ–իրանականի, ո՛չ Հայաստանն Արևմուտքի ձեռքում մանրադրամ դարձնելու, ո՛չ աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ դառնալու։
Փաշինյանի արածը հանցագործություն է մեր պետության դեմ․ նա իր կաշվի փրկության մասին է մտածում և թքած ունի Հայաստանի վրա (Արցախի վրա արդեն թքել է)։

Նիկոլի հետ ամեն ինչ պարզ է։ Իսկ ինչի՞ մասին են մտածում այն քաղաքական ուժերը, որոնք ընդդիմադիր են Նիկոլին, սակայն ծպտուն չեն հանում ու հստակ դիրքորոշում չեն հայտնում ամերիկյան այս դեսանտի, հայ–ռուսական հարաբերությունների փչացման և նմանատիպ այլ հարցերի վերաբերյալ։

Վերացական հայտարարությունները, աշխարհքաղաքական լղոզվածությունը, գավառական շուստրիությունները հաշիվ չեն։ Նիկոլը թիվ մեկ մեղավորն է տեղի ունեցողի, բայց նա միակ մեղավորը չէ։ Մեղավոր են նաև բոլոր այն ուժերը, այդ թվում՝ ընդդիմադիր ներկայացող, որոնք փորձում են նույն նիկոլությունն անել, աշխարհաքաղաքական լարախաղացությամբ զբաղվել ու Նիկոլից ոչ պակաս վնաս տալ Հայաստանին։

Ո՞վ է հիմա հիշում Կիրանցի մասին։ Էլ չասած՝ Արցախի մասին։ Չնայած ի՞նչ Արցախ ու Կիրանց. ո՞վ է հիշում Հայաստանի մասին։

Հ․Գ․։ Քաղաքական դաշտում լղոզվածությունը դարձել է սպառնալիք մեր անվտանգությանը։ Շատ կարճ ժամանակ անց պետք է Նիկոլից բացի նաև այլ անուններ տալ, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտից, որպեսզի բոլոր հարցերում հստակություն մտցվի։ Թե չէ թթվի քարի պես «նիշա» զբաղեցնելը, կեղծ պաթոսով բաժակաճառեր արտասանելը ու նիկոլություն անելը նույնքան քննադատելի է, որքան ՔՊԿ–ի թրքաբոլշևիզմը։  Նիկոլը թիվ մեկ մեղավորն է, բայց միակը չէ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ