03 07 2024

Ալիևի պահանջներն անվերջ են, իսկ պատճառն Արցախի անհետացումն է. Բենիամին Մաթևոսյան. AlphaNews

Ալիևի պահանջներն անվերջ են, իսկ պատճառն Արցախի անհետացումն է. Բենիամին Մաթևոսյան. AlphaNews

Մենք մեր ձեռքերով ոչնչացրել ենք մեր պաշտպանական համակարգը:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Բոլորը գիտեն այն արտահայտությունը, որ հիմարը սովորում է սեփական, խելացին՝ ուրիշի սխալների վրա։ Այս արտահայտության համատեքստում հետաքրքիր կլիներ վերլուծել, թե ինչ է կատարվում մեզ հետ…

Ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթանակից հետո տասնամյակների ընթացքում երկրում ձևավորվեց մի ամբողջ քաղաքական հոսանք, որն ուներ իր գաղափարախոսությունը, իր խոսնակները, իր լրատվամիջոցները, իր քաղաքական դասը, որը համոզում էր հայաստանցիներին, որ «մեր դժվարությունը մեր հաղթանակի մեջ է, նրա, ինչ մենք ստացանք Արցախում 1990-ականների պատերազմի արդյունքում»։ Այս գաղափարախոսության արգասիք էր նաև Նիկոլ Փաշինյանը, իսկ 2018-ի նրա շարժումը սկզբունքորեն հակաղարաբաղյան էր։

Տրամաբանական է, որ Փաշինյանի, նրա թիմի և «անտեսանելի կուրատորների» գործողությունների արդյունքում մենք պետք է կորցնեինք Ղարաբաղը։ Աբսուրդը հասավ նրան, որ Փաշինյանի կաբինետի ներկայիս նախարարներից մեկը հայտարարեց՝ «2023 թվականի սեպտեմբերի 19-ն, այսինքն՝ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վրա հարձակման օրը, որը հանգեցրեց Արցախի կազմալուծմանը, Հայաստանի իսկական անկախության օրն էր»:

Բայց կային նաև այնպիսիք, որոնք երկար տարիներ բացատրում էին՝ Արցախը մեր պաշտպանական համակարգի մաս է, որ կորցնելով Արցախը՝ Ադրբեջանին և Թուրքիային հնարավորություն ենք տալու «զբաղվել Հայաստանով»։ Զբաղվել Հայաստանի պետականության կազմալուծմամբ: Իսկ պարադոքսն այն է, որ 2023 թվականի էթնիկ զտումներից հետո՝ Արցախի հայաթափումից հետո, Իլհամ Ալիևը 24/7-ը ռեժիմով ապացուցում է Արցախի կարևորությունը Հայաստանի համար։

Արցախի անկումն էր, որ ոչնչացրեց մեր պաշտպանության բազմաթիվ գծեր՝ ռազմականից մինչև դիվանագիտական։ Ահա թե ինչն է թույլ տվել Ալիևին այսօր «զբաղվել Հայաստանով» և հայտարարել, որ Հայաստանը պարտավոր է փոխել Սահմանադրությունը, որ Հայաստանը պարտավոր է միջանցք տրամադրել Ադրբեջանին, որ Հայաստանը պետք է փակի ատոմակայանը, որ ադրբեջանցիները պետք է «վերադառնան» Հայաստան և այլն։

Ալիևի պահանջներն անվերջ են, իսկ դրանց ի հայտ գալու հիմնական պատճառը Արցախի անհետացումն է։ Արցախի կողմից գեներացված անվտանգությունը թույլ էր տվել Երևանի, Արմավիրի, Էջմիածնի, Արատատի, Աբովյանի, Գորիսի, Կապանի, Սիսիանի և Հայաստանի այլ քաղաքների ու գյուղերի բնակիչներին ապրել ապահով։ Հիմա Արցախն այլևս գոյություն չունի, և այս բոլոր քաղաքների, բնակավայրերի բնակիչներն արդեն ապահով վիճակում չեն։

Շատ մոտ ապագայում մենք կտեսնենք և կհասկանանք՝ Հայաստանի հասարակությունն ու նրա քաղաքական վերնախավը ճիշտ հետևություններ արե՞լ են Արցախի հետ տեղի ունեցածից, թե՞ սպասելու ենք, որ Ալիևը հիմա էլ 24/7 ռեժիմով ցույց տա Սյունիքի կարևորությունը Հայաստանի համար։

Լավ, մենք մեր սխալներից դասեր կքաղե՞նք, թե՞ դա չենք անի։

Մտածե՛ք այդ մասին…»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ