26 06 2024

Երևի խոսքն ուղղակի ինչ-որ քարտուղարուհու մասին է. Զախարովան՝ Արմեն Գրիգորյանի մասին



«Ես մի բան չհասկացա։ Դուք, իրոք, հիմա կարդում եք հենց տե՞քստը: Նա դա ասե՞լ է»,- այսպես է արձագանքել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանելու Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այսօրվա հայտարարությունը, թե Ռուսաստանը «Լեռնային Ղարաբաղը վերցրեց հայերից և հանձնեց Ադրբեջանին» այն պայմաններում, երբ Երևանը լիովին կախված էր Մոսկվայից։

«Ուզում եմ ճշտել, թե ո՞ր տարում է դա տեղի ունեցել»,- շարունակել է նա՝ հարցնելով. «Ինչպե՞ս է կոչվում այս մարդը»:

Լրագրողը կրկնում է, որ այդ հայտարարությունն արել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Զախարովան ասել է. «Կցանկանայի վերադարձնել այն թեզը, որը հորինվել է մյուս կողմից. երևի խոսքն ուղղակի ինչ-որ քարտուղարուհու մասին է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Զախարովային անվանել էր «ինչ-որ քարտուղարուհի»։ «Չեմ պատրաստվում պատասխանել ինչ-որ գերատեսչության քարտուղարուհու, կարծում եմ՝ դա իմ մակարդակը չէ»,- ասել էր Ա. Սիմոնյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ