Ռուսաստանն է վերցրել Լեռնային Ղարաբաղը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Սա է տեղի ունեցել, երբ մենք ամբողջովին կախված էինք Ռուսաստանից։ Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել, սա է ամբողջ իրականությունը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը: Առանց Ռուսաստանի թույլտվության՝ պատերազմ տեղի չէր ունենա»,- նշել է նա։
Խոսելով արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին՝ Գրիգորյանը հավելել է. «Երբ Հայաստանն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից, պատերազմ չե՞նք ունեցել՝ ունեցել ենք։ Եկեք արձանագրենք, որ մինչև այս գոյություն ունեցող իրավիճակի պատճառով ենք մենք հայտնվել պատերազմում: Մենք փորձել ենք այս փոփոխություններով կայունություն բերել ու համոզված ենք, որ այս փոփոխությունները կայունություն են բերելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը