25 06 2024

Արդյո՞ք Նոր Նորքի ղեկավարի Ուկրաինա այցը համաձայնեցված է եղել Տիգրան Ավինյանի հետ. Սամվել Հակոբյան



Երևանի ավագանու այսօրվա նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը հայտարարեց. «Վերջերս Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն այցելել է Ուկրաինա, Բուչա քաղաք ու արել հայտարարություններ, որոնք վնասում են մեր անվտանգային համակարգին, հայ-ռուսական հարաբերություններին, որոնք արդեն Նիկոլ Փաշինյանի ջանքերի շնորհիվ աննախադեպ վատ վիճակում են»:

Հակոբյանի խոսքով՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Երևանի իշխանության կոալիցիոն ուժերից մեկի ներկայացուցիչն է, նրա հայտարարությունները ներքաշում են Հայաստանը Ռուսաստան-Արեւմուտք կոնֆլիկտի մեջ՝ մեր երկիրը սարքելով հակառուսական կողմ:

«Ես կուզենայի իմանալ, թե արդյոք Բուչա այցը եւ արված հայտարարությունները դրական են գնահատվում Տիգրան Ավինյանի կողմից եւ համաձայնեցված է եղել նրա հետ: Ավինյանը տեղյա՞կ է եղել այդ այցից, եւ եթե ոչ, ապա ի՞նչ կարծիք ունի այդ ամենի մասին: Եթե այո, ապա այդ ինչպե՞ս է, որ Ուկրաինան ամեն կերպ պաշտպանում է Ադրբեջանին, ողջունում է ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Արցախի, ֆոսֆորային զենք է մատակարարում Ադրբեջանին, որից հայ զինվորներ են մահանում, իսկ Հայաստանի իշխանությունը պրոուկրաինական կողմ է բռնում եւ նույնիսկ օգնություն է հասցնում մեր երկրի դեմ թշնամաբար տրամադրված Ուկրաինային։ Բուչայի թեմայով կա մի բլեֆ քարոզչություն, որի մեջ մենք ավտոմատ մաս ենք դառնում, երբ վարչական շրջանի ղեկավարը գնում է այդտեղ։ Չէ որ ՀՀ իշխանությունը գոնե ֆորմալ առումով ընտրել է չեզոք դիրք ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մեջ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ