13 06 2024

Ոստիկանության կիրառած «Զարյա 3» տեսակի նռնակը նախատեսված է զինված հանցագործների համար. «Հետք»

Ոստիկանության կիրառած «Զարյա 3» տեսակի նռնակը նախատեսված է զինված հանցագործների համար. «Հետք»

Ոստիկանությունը երեկ հատուկ միջոցներ է կիրառել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հավաքված ցուցարարների ուղղությամբ: Դրանց թվում եղել է ռուսական արտադրության «Զարյա 3» ձեռքի (նետվում է ձեռքով) լուսաձայնային նռնակ: Այս մասին գրում է «Հետք»-ը:

«Ռոսօբորոնէքսպորտ» պետական ընկերությունը, որը ռազմական եւ երկակի նշանակության ապրանքների, տեխնոլոգիաների ու ծառայությունների արտահանման եւ ներկրման միակ պետական միջնորդն է Ռուսաստանում, իր պաշտոնական կայքում հայտնում է, որ «Զարյա 3» լուսաձայնային նռնակն ապահովում է զինված հանցագործի հոգեկամային կայունության ժամանակավոր ճնշումը ձայնային եւ լուսային ազդեցության միջոցով, ինչը նվազեցնում է հանցագործի մարտական ունակությունը եւ հնարավորություն տալիս նռնակը կիրառող անձնակազմի եւ շրջապատի մարդկանց համար նվազագույն ռիսկով իրականացնել հատուկ գործողություն:

Նույն տեղեկությունը փոխանցում է նռնակն արտադրողը՝ «Կիրառական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ» դաշնային գիտաարտադրական կենտրոնը (Ռուսաստան):

Ըստ ռուսական արտադրողի եւ արտահանողի՝ 180 գրամ քաշով այս նռնակի ձայնային ճնշման մակարդակը 10 մետրի վրա 160±15 դեցիբել է: Նկատենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, 85 դեցիբելը մարդու համար աղմուկի առավելագույն թույլատրելի մակարդակն է: 120-140 դեցիբելը մարդու համար ցավի շեմն է, իսկ 140 դեցիբելից բարձր ձայնային ճնշումը կարող է պայթեցնել ականջի թմբկաթաղանթը կամ առաջացնել բարոտրավմա, նույնիսկ՝ ուշագնացություն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ