Ռուսաստանը հայ խորհրդարանականներին կոչ է անում կիսվել ուկրաինական Բուչա քաղաքում «իբր ռուսների կողմից սպանվածների ցուցակով», որը նրանց է փոխանցել Կիևը։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում, News.ru-ի հարցին պատասխանելիս, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի այցը Կիևի մարզի Բուչա քաղաք:
«Իհարկե, Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն ունի զոհերի ցուցակ, որը Կիևի ռեժիմը վերագրել է, իբր, ռուսական բանակին, որ այդ մարդկանց սպանել է ռուսական կողմը։ Մենք իսկապես հուսով ենք, որ հայկական կողմը՝ հայկական պաշտոնական պատվիրակությունը, այդ մարդկանց ցուցակով կկիսվի ռուսական կողմի հետ: Երկու տարի է՝ չենք կարողանում հասնել նրան, որ որևէ մեկը, այդ թվում՝ ՄԱԿ-ը, մեզ տվյալներ տրամադրի այնտեղ իբր զոհված մարդկանց ցուցակի վերաբերյալ»,- ասել է Զախարովան։
Նա հայտարարել է, որ «չի կարելի սպասել ոչ մի լավ կամ կառուցողական բան» արևմտյան պետություններից՝ ի տարբերություն Երևանի ներկայացուցիչների։
«Մենք կապ ենք պահպանում հայկական կողմի հետ, հուսով ենք, որ այնտեղ (Բուչայում) իբր զոհվածների ցուցակը մեր հայ ընկերները կփոխանցեն»,- եզրափակել է ԱԳ նախարարության խոսնակը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը