Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հիշո՞ւմ եք ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի, տեղակալի և մի շարք այլ անձանց կողմից հայտնի գործը։
Հիշեցնեմ ընդհանուր գծերով․ նախարարը, տեղակալը և մի խումբ այլ անձինք մեղադրվում են այն բանի համար, որ այդ խմբով խարդախությամբ հափշտակել են 238.418.100 դրամ։
Այդ խմբի անդամներից որևէ մեկն այս պահին բանտում չէ։ Ավելին՝ նախարարի տնային կալանքը (կարծեմ ավարտվել է) ոչ թե դատարանն ինքնուրույն էր կիրառել, այլ՝ քննչականն էր միջնորդել, որ հենց տնային կալանք լինի։ Հիմա այդ գործով մի խումբ անձինք ազատ շրջագայում են։
Իսկ հիմա այս գործի հետ համեմատենք Մարտակերտի քաղաքապետի գործը։
Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը, որը 65 տարեկան է, բոլոր պատերազմների մասնակից, մեղադրվում է 1.500.000 դրամ արժողությամբ ավտոմեքենան խարդախությամբ հափշտակելու համար։ Ի դեպ, հատկանշական է, որ այդ ավտոմեքենան առկա է, շարունակում է ծառայել իր հիմնական նպատակներին, իսկ էկոնոմիկայի նախարարության գործով հափշտակված 238.418.100 դրամը կերել են, չկա։
Հիմա Մարտրակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն այդ շինծու քրեական վարույթով կալանավորված է երկու ամիս ժամկետով։ Սա այն դեպքում, երբ այդ 1,5 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենան որևէ կերպ չի հափշտակվել, այլ ընդամենը անվանափոխվել է, որպեսզի հնարավոր լինի խուսափել հարյուր հազարների հասնող տուգանքներից։
Եվ նորից․ ըստ մեղադրանքի
1) 239 միլիոն դրամ առերևույթ հափշտակած մարդիկ ազատ շրջագայում են, վայելում են կյանքը,
2) Ընդամենը 1,5 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենան առերևույթ հափշտակած՝ 65 տարեկան և բոլոր պատերազմների մասնակից քաղաքապետը, ով Արցախում կորցրել է ամեն բան, գտնվում է բանտում։
Բա քաղբանտարկյալն էլ ո՞նց է լինում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը