04 06 2024

Փաշինյանի հրաժարականն ու ՔՊ-ական իշխանության հեռացումը չունեն այլընտրանք. հայտարարություն

Փաշինյանի հրաժարականն ու ՔՊ-ական իշխանության հեռացումը չունեն այլընտրանք. հայտարարություն

 

Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու ՔՊ-ական իշխանության հեռացումը չունեն այլընտրանք։ Այս մասին հայտարարություն  է տարածել Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը:

«Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը Սրբազան Պայքարին մասնակցում է առանց պաշտոնապես նրան միացած լինելու։ «Կամք» -ն առաջին իսկ օրերից ողջունել է  «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և, չնայած այն հանգամանքին, որ առ այսօր պաշտոնական հայտարարություն չի եղել Սրբազան պայքարին միանալու, սակայն անմնացորդ աջակցել է և շարունակում է աջակցել, ինչպես նաև ակտիվորեն մասնակցում է կազմակերպված բոլոր միջոցառումներին և գործողություններին։ Մենք գիտակցում ենք, որ այս պայքարը հայրենիքի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր մարդու համար է։ 

Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը հիմնադրվել է «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության կողմից Հայաստանում իշխանազավթում իրականացնելուց անմիջապես հետո՝ փորձելով հակազդել Հայաստանում ազգային արժեքների նկատմամբ գործադրվող ոտնձգություններին։ «Կամք»-ը պայքարի առաջամարտիկներից է եղել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Արայիկ Հարությունյանի թուրքական կրթական չափորոշիչների ընդունման, Հայաստանում արևմտյան բիոլաբորատորների դեմ պայքարում, ինչպես նաև Արցախի նկատմամբ ազգադավ գործընթացների ժամանակ հայկական շահերը պաշտպանելիս։

Ավելին, մենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին ենք եղել այսպես կոչված «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» հակաեկեղեցական, ապազգային շարժման ալիքի առաջին իսկ օրերից սկսած։ Իսկ ներկայումս «Հեռացնենք Նիկոլին» սեփական օրակարգից զատ, ինչպես արդեն վերևում նշեցինք,  Բագրատ Սրբազանի և նրա Սրբազան Պայքարի աջակիցն ու ակտիվ մասնակիցն ենք։ Դա է պատճառը, որ այսօր ակնհայտ քաղաքական նկատառումներով և շարժառիթներով հետապնդում է իրականացվում «Կամք»-ի հիմնադիր Վահագն Չախալյանի նկատմամբ, և նա խստացված տնային կալանքի մեջ է գտնվում՝ քաղաքական պայքարից մեկուսացնելու նպատակով։ 

Մեր անդամների նկատմամբ այսօր էլ կան տասնյակ քրեական գործեր, որոնց միակ նպատակն է մեզ մեկուսացնել և զերծ պահել ազգակործան իշխանության դեմ պայքարից։ Նկատի ունենալով այս ամենը, մեկ անգամ ևս վերահաստատում ենք մեր նպատակը և հայտարարում՝

Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու ՔՊ-ական իշխանության հեռացումը չունեն այլընտրանք։ Մենք մինչև այդ պահը կանգնած կլինենք պայքարի կիզակետում բոլոր նրանց կողքին, ովքեր անկեղծորեն կպայքարեն այդ նպատակը կյանքի կոչելու համար։ Այս պահին Բագրատ Սրբազանի կողմից առաջնորդվող Սրբազան Պայքարը չունի այլընտրանք։

Մեզ ոգեշնչում է Սրբազան Հոր «Չակնկալիքների» գաղափարախոսությունը, և մեզանում հույս է արթնացնում, որ կարող է իսկապես Հայաստանի փրկության գործընթացի շրջանակում ձևավորվել այնպիսի ուժ, որտեղ անհատները չեն ունենա անձնական նկրտումներ և կնվիրվեն մեկ միասնական նպատակի իրագործմանը, այն է՝ Հայաստանի հզորացումը և Արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացումը:

Լիահույս ենք, որ այս շարժումը հավատարիմ կմնա իր սկզբունքներին պայքարի ամբողջ ընթացքում, ինչպես նաև Փաշինյանի և նրա ազգակործան խմբակի հեռացումից հետո։ Այս ակնկալիքով մենք անմնացորդ կանգնած ենք Բագրատ Սրբազանի կողքին և մեր մասնակցությունն ենք բերում Սրբազան Պայքարին՝ անմնացորդ ծառայելով Հայաստանի հզորացման գաղափարին, որը համայն հայության սրբազան նպատակն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ