Հայաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատել: Այս մասին «Ռուսաստան – Իսլամական աշխարհ. Կազանֆորում» համաժողովի շրջանակում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, գրում է Риа Новости-ն:
«Սա ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել»,- ասել է նա՝ պատասխանելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը դադարեցնելու մասին հարցին։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն ասել էր, որ ՀՀ-ն ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։
Դրա հետ մեկտեղ, ըստ դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչի, Հայաստանը չի առարկում կազմակերպության 2024 թվականի բյուջեի սահմանափակ ձևաչափով հաստատման դեմ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը