14 05 2024

Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան



Հայաստանում կա երկու ինստիտուտ, որն ունի ժողովրդի կողմից ստացած առաջնային մանդատ` խորհրդարանը և ավագանին. երկրում թափ հավաքած համաժողովրդական շարժումը ներքաղաքական և անվտանգային ճգնաժամը հանգուցալուծելու համար որդեգրել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանում անվստահություն հայտնելու տարբերակը: Այս մասին ֆեյսբուքյան հեռարձակմամբ ասել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

«Այսինքն՝ առաջնային մանդատ ունեցող պատգամավորների մի մասը ներգրավված է այս գործում:

Ինչ վերաբերում է առաջնային մանդատ ունեցող մյուս կառույցին՝ ավագանուն, ապա Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող ավագանու անդամները պետք է հստակ դիրքորոշում հայտնեն սահմանազատման, սահմանագծման անվան տակ իրականացվող միակողմանի զիջումների վերաբերյալ: Քանզի Տավուշում տեղի ունեցողը միայն տավուշցիների խնդիր չէ: Վաղը նույն վիճակում կարող են հայտնվել մյուս մարզերը և ի վերջո՝ Երևանը:

«Մայր Հայաստանը» կոչ է անում Հայաստանի բոլոր համայնքների ավագանու անդամներին կողմնորոշվել ու հրապարակավ տեսակետ հայտնել մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների թեմայով: Մենք այսօր դա արել ենք Երևանի ավագանու նիստի ժամանակ: Նույնն ակնկալում ենք մյուս համայնքներից:

ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում պահանջել ավագանու անդամներից, որպեսզի նրանք հրապարակավ արտահայտվեն: Դա էլ է գործողության տեսակ:

Սիրելի՛ քաղաքացիներ,

Պահանջե՛ք ձեր քվեով ավագանու անդամ դարձածներից հստակ դիրքորոշում արտահայտել Տավուշում և ամբողջ Հայաստանի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ: Այս հարցում չեզոքություն չի կարող լինել: Կա՛մ Հայաստանի հետ ես, կա՛մ Հայաստանի դեմ»,- նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ