09 04 2024

Չեք կարողանում՝ հեռացեք. Լիլիթ Գալստյան



ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարել է.

«Ըստ էության հայրենազրկումի  քաղաքականությունը շարունակվում է։  Անվտանգության երաշխավորի իր սահմանադրական պարտականությունը ձախողած  ու Արցախի ինքնորոշման իրավունքը դրժած  իշխանությունը վերածվել է  հայոց պետականությանն ուղղված ուղիղ սպառնալիքի։

Երբ պնդում էինք, որ պարտվածն ու սեփական Օ-ական կետը ազգային ողբերգության հանգեցրածը չի կարող լինել հետագա բանակցող՝ հենց այս աղետաբեր ընթացքը նկատի ունեինք։

Անհնար է պատկերացնել մի երկիր, որի ղեկավատը ոչ միայն սեփական երկրի կադաստրի վկայական չունի, այլև երկրի թիվ մեկ ամբիոնից սոփեստա-փիլիսոփայական հարց է  հնչեցնում, թե ինչ է առհասարակ քարտեզը։

Անհնար է պատկերացվել, որ   թիթեղի մի կտոր ու մի փշուր թափահարելով՝ կարելի է սեփական ժողովրդին վախեցնել պատերազմով ու փորձել  համոզել, թե դա է ճիշտ Հայաստանն ու մենք թշնամուն հանձնելիք հողեր ունենք։

Երբ պնդում էինք, որ  պարտվածը չի կարող բանակցող լինել, նաև նկատի ունեինք  պարտվածի  բարոյական ու քաղաքական լեգիտիմությունը,  բանակցելու կարողությունները, արժեքաբանությունը, սեփական երկրի շահերը պաշտպանելու ունակությունը։

Նաև պարտված-բանակցողից հնարավոր ամեն բան կորզելու հակառակորդի ուժեղացած դիրքերը։

«Արցախը տանք հանգիստ ապրենք» անբարո-դավաճանական թեզն անգամ չի աշխատում, և այն, ինչ մատուցվում է որպես  դեմարկացիա և դելիմիտացիա, որևէ աղերս չունի  միջազգային փորձի հետ։

Խնդիրը սոսկ  չորս բնակավայրերինը չէ.  հարցականի տակ է դրվում Հայաստանի ողջ անվտանգային համակարգը։  Մի՞թե աքսիոմատիկ չէ, որ սահմանների որոշման գործընթացի առանքային  սկզբունքը սեփական ժողովրդի անվտանգության երաշխիքների ապահումն է։

ՀՀ հազարավոր քաղաքացիների անունից  բնական հարց. ո՞վ է ձեզ իրավունք  տվել մի ամբողջ պետության հեռանկար կառուցել  վատթարագույն տարբերակի, միակողմանի զիջման, սեփական վախերի, պատկերացումների, կիսատ գիտելիքների շրջանակում՝  Ադրբեջանին նվիրելով անվտանգային և ռազմավարական առավելություններ, վերահսկողություն ողջ տարածքի նկատմամբ։

Ինչո՞ւ չհիմնվել միջազգային նորմերի, այդ թվում՝ ԵԱՀԿ 2017թ «Սահմանազատում և սահմանագծում, լուծումներ»  երաշխավորության վրա, որը հատկապես հետխորհրդային երկրների համար սահմանազատման հստակ մեթոդաբանություն և սկզբունքներ է սահմանում, մասնավորապես՝  ապագա սահմանը չի կարող լինել հետագա անկայունության և կոնֆլիկտի աղբյուր, այն չպիտի խաթարի ազգաբնակչության բնական կենսագործունեությունն ու հիմնարար իրավունքները։

Առանց մեթոդաբանությունը ճշտելու ինչպե՞ս կարելի է  հատվածական սահմանազատում իրականացնել, երբ թշնամին ոչ միայն դուրս չի եկել օկուպացված ՀՀ   տարածքներից, այլև ամրակայվում է։

Ակնհայտ է, ցեղասպան Ադրբեջանի նպատակը խաղաղությունը չէ,  և տեղի ունեցողը փուլային կապիտուլյացիա է։

Քաջություն ունեցեք տեսնելու սեփական ձախողումներըը։  Չեք կարողանում՝ հեռացեք։ Մի դարձեք նոր պատերազմի  և ապագա պարտության հրահրող»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ