02 04 2024

Վիճաբանություն «Գոյ» թատրոնի դերասանների և Սունդուկյանի անվան թատրոնի փոխտնօրենի միջև



Լրագրողների և «Գոյ» թատրոնի դերասանների հետ զրույցում Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի փոխտնօրեն Հրաչ Ներսիսյանը պարզաբանեց, որ «Գոյի» աշխատակազմը պետք է թերթիկներ լրացնի, որպեսզի նրանց անձնական տվյալները ներմուծվեն անվտանգության համակարգ ու միայն դրանից հետո թույլ տրվի ներս մտնել։

«Պետք է իրենց համար բեյջեր պատվիրենք, որպեսզի կարողանան ներս մտնել», -հավելեց նա։ Ու ընդգծեց, որ Սունդուկյան թատրոնի բոլոր աշխատակիցները եւս այդ սկզբունքով են ներս մտնում թատրոնի տարածք։

«Արդյոք հնարավոր չէ՞ր մինչեւ քարտերի պատրաստ լինելը մեզ ներս թողնեիք էնտեղից, ասեիք՝ երկու օր հետո պատրաստ կլինեն ձեր քարտերը, արդեն էստեղից ներս կմտնեք»,- հարցրեց «Գոյի» կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը։

«Ամեն ինչ հնարավոր է, բայց ես նախքան այն դուռը փակելը՝ 3 անգամ ձեր հետ խոսակցություն եմ ունեցել, ասել եմ՝ եղբայր, եկեք բանալիները հանձնեք, էստեղից մտեք, երբ ձեզ պետք է, դուք մերժել եք»,-ասաց Հրաչ Ներսիսյանը։ Սարգիս Արզումանյանն էլ ասաց, որ Սունդուկյան թատրոնն ունի իրենց բոլորի տվյալները, հետեւաբար առաջակում է պատրաստել քարտերը, որոնք իրենք կարող են անձնագրերով մոտենալ ու վերցնել։

«Դուք Սունդուկյան թատրոնի ողջ անձնակազմին թողել եք դրսում, եկել տվյալները լրացրել են, նո՞ր ներս եք թողել»,-տարակուսանք հայտնեց «Գոյի» դերասաններից մեկը։

Սունդուկյանի փոխտնօրենն առաջարկեց վիճելի հարցերը քննարկել Սունդուկյանի փոքր բեմում, «Գոյի» դերասանական կազմից հակադարձեցին՝ կքննարկենք «Գոյի» բեմում։ Հրաչ Ներսիսյանը պատճառաբանեց, թե ոչ բոլոր բանալիներն ունի, ապա հավելեց, թե «Գոյի» բեմը վիճելի տարածք է, ու այս պահի դրությամբ երկու թատրոնների միջեւ կոնֆլիկտ կա։

«Ձեր համար սկզբունքայի՞ն է «Գոյում» քննարկելը»,-ասաց Սունդուկյանի փոխտնօրենը։

«Էդ ձեզ համար է սկզբունքային, իսկ մեզ համար նորմալ է, մենք ուզում ենք մեր տարածքում քննարկել»,-արձագանքեցին «Գոյից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ