Նիկոլ Փաշինյանը վախի մթնոլորտ է ստեղծում եւ ուզում է, որ դիմադրություն չլինի: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզում 4 տարածքներ հանձնելուն:
«Իրենց զենքը 2021-ի ընտրություններին եւ դրանից հետո պատերազմով վախեցնելն է, ասում են՝ այ, որ գա ընդդիմությունը, պատերազմ կսկսեն, կփորձեն Արցախն ազատագրել: Հիմա էլ նույն վախով ուզում են հասնել իրենց ուզածին, կամ Ադրբեջանի ուզածին: Շատ դեպքերում դրանք համընկնում են:
Իրենք ասում են՝ ո՞վ է ասել, որ այդ 4 գյուղերը մեր տարածքներն են, դրանք մերը չեն: Իսկ երբ հարցնում ենք՝ իսկ մյուս տեղերից, որտեղ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքում է, դո՞ւրս է գալու, ոչ մի հստակ պատասխան չի հնչում:
Հարց է ծագում՝ ինչի՞ շուրջ է եղել դելիմիտացիան, որ դա չարած այս 4 տարածքներն ուզում են տալ: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դա մեր տարածքը չի, բայց մենք շատ լուրջ մարտավարական դիրք ենք զիջում: Տավուշում մեր պաշտպանական գիծը բավական լավ կահավորված է, այնտեղ փոփոխություններ չեն եղել, եւ մենք մեր ուժեղ դիրքը տալիս ենք ի՞նչ ակնկալիքով, հավատալով ո՞ր Ադրբեջանին:
Եթե մենք տալիս ենք այդ մասը, թուլացնում ենք, փաստորեն, շփման գիծը, մարտավարական դիրքը, հետո հերթը հասնում է Սյունիքի սահմանազատմանը եւ Ադրբեջանը ինչպես հայտարարում է, ուժով բացում է միջանցքը, ու Տավուշից էլ ճեղքում են ու փակում են Վրաստանի հետ սահմանը: Ի՞նչ ենք անելու»,-ասաց Քոչարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը