14 03 2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԽ բանաձևին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԽ բանաձևին

Մարտի 13-ին Եվրախորհրդարանում ընդունված «Եվրամիության և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը ոչ միայն անհիմն և կողմնակալ է, այլև Ադրբեջանի հետ կապված երկակի ստանդարտի ևս մեկ վառ օրինակ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Չնայած բանաձևը ներկայացվում է որպես խաղաղությանն աջակցելու քայլ և իբր նվիրված է Եվրամիության և Հայաստանի հարաբերություններին, իրականում դա Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի շարունակությունն է, որի ընթացքում բոլոր փաստերը կեղծվում են: Բանաձևում պարունակվող անհեթեթ և վիրավորական հայտարարությունները հստակ ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանության: Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին միջամտելու փոխարեն, ավելի օգտակար կլիներ, եթե Եվրախորհրդարանը սկսեր զբաղվել Եվրոպային պատուհասող ավելի լուրջ խնդիրներով», - ասել է Հաջիզադեն:

Հիշեցնենք, որ ընդունված բանաձևով ԵԽ-ն պահանջել է ադրբեջանական զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից։

Փաստաթղթում նշվում է, որ Եվրախորհրդարանը «հաստատում է իր դատապարտումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք ադրբեջանական ռազմական ներխուժման և դրա որոշ մասերի շարունակվող օկուպացման վերաբերյալ և վերահաստատում է ադրբեջանական զորքերի դուրսբերման իր պահանջը Հայաստանի ողջ ինքնիշխան տարածքից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ