Ոստիկանության նախկին պաշտոնյա, պահեստազորի գնդապետ, Ճգնաժամային կառավարման ակադեմիայի նախկին պրոռեկտոր Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«2008 թ. մարտի 1-ը՝ Հայաստանի պետականության պահպանման օր։
Մարտի մեկի դեպքերի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ են եղել ու մեղադրանքներ են հնչել բացառապես նախագահ Քոչարյանի հասցեին։
Իսկ իրականում 2008թ-ի մարտի մեկը պետք է հիշատակենք որպես պետականության պահպանման օր ու շնորհակալ լինենք բացառապես նախագահ Քոչարյանին։
Այո, միայն ազգային ու պետական շահերով առաջնորդվող, կամային ու բարոյական բարձր հատկանիշներով օժտված, տեսակով (ոչ թե պաշտոնի ուժով) գերագույն գլխավոր հրամանատարը կարող էր ցուցաբերել վճռականություն ու գործելով բացառապես օրենքի շրջանակներում, իրականացնել իր սահմանադրական լիազորությունները՝ պահպանել երկրի սահմանադրական կարգը։
Այդ ժամանակ ես ՀՀ ոստիկանությունում զբաղեցնում էի պատասխանատու պաշտոն։
Լևոնանիկոլական խունտայի դեմ մղվող պայքարում ինձ վերապահված ֆունկցիոնալ պարտականությունները իրականացրել եմ փայլուն ձևով։
Հպարտ եմ, որ իմ չափով, գերագույն գլխավոր հրամանատարիս առաջնորդությամբ, մասնակցություն եմ ունեցել մասսայական անկարգությունների ճնշման ու պետական կարգի պահպանման գործում։
Այն ժամանակ իրավիճակը այլ հանգուցալուծում չէր էլ կարող ունենալ, քանզի երկրի ղեկավարը ոչ այլ ոք, այլ Քոչարյանն էր։
2008 թ-ին նախագահ Քոչարյանը ապացուցեց, որ, եթե իշխանությունը չես տալիս, ապա չեն կարող վերցնել։
Քավ լիցի, զուգահեռներ չեմ տանում, բայց վերջին մի քանի տարիներին ստահակն էլ է նույնն ապացուցում։
Հ.Գ. Խոնարհվում եմ, 2008թ-ի մարտի մեկի մասսայական անկարգությունների անմեղ զոհերի՝ ոստիկանության զորքերի սպա, մայոր Համլետ Թադևոսյանի ու շարքային Տիգրան Աբգարյանի հիշատակի առաջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը