Գործը ձեզ է մակագրվել, չեմ կարծում՝ որևէ դատավոր ուրախ կլիներ այս գործն ունենալ, բայց ունենք այն, ինչ ունենք։ Այս մասին իր և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստին՝ դիմելով դատավորին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
«Դատավորն ու դատախազը չեն սիրում, երբ իրավականից դուրս ինչ-որ քննարկում է ծավալվում: Գիտեք, այս դեպքում շատ դժվար է մնալ զուտ իրավականի մեջ։ Եթե լինեինք իրավականի մեջ ես այստեղ չէի լինի: Ես հասկանում եմ, որ դատախազներն ուզում են զուտ իրավական պրոցես ցույց տան, բայց գործի էությունը քաղաքական է, ինչքան էլ արգելեք դրա մասին խոսել: Չենք կարող ամբողջությամբ քաղաքական պրոցեսի ծնունդը դիտարկենք զուտ իրավական տեսանկյունից»,-նշեց նա:
Պատգամավորի խոսքով՝ այս ամբողջ ընթացքում ոչ ոք իրեն չի հարցրել այն հանգամանքի մասին, որը դրված է մեղադրանքի հիմքում. «Ինչո՞ւ էի ես քայլում դեպի ոստիկանները: Որովհետև իրենք չեն ուզում իմանալ՝ ինչ է եղել: Իրենք շատ լավ գիտեն՝ ինչ է եղել, բայց դա իրենց հետաքրքիր չէ: Իրենց խնդիրը ինձ փակ պահելն է եղել: Հետո դուրս եկա, եթե այդպես չլիներ, ես մինչև հիմա կալանքի տակ էի լինելու և այստեղ ուրիշ հարց էր քննարկվելու:
Մեր ընտանիքն արդեն 5 տարի է՝ անցնցում է այս ամենի միջով, սովոր ենք: Սա հստակ քաղաքական հետապնդում է: Չգիտեմ՝ զուգադիպություն է, թե ոչ, նիստը նշանակվում է երեքշաբթի ժամը 1-ին: Դա այն օրն է, երբ հորս հետ կապված մի քանի տարի շարունակ նիստեր են նշանակվել: Հավատում եմ, որ զուգադիպություն է, ուղղակի հետաքրքիր զուգադիպություն է»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը մեղադրվում է ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու, նրանց ծեծի ենթարկելու մեջ, այնինչ տեսախցիկները ֆիքսել էին, որ հենց ոստիկաններն են ծեծի ենթարկում Լևոն Քոչարյանին։
Միջադեպը տեղի էր ունեցել 2023թ․ սեպտեմբերին՝ ընդդեմ Արցախը հանձնելու բողոքի ակցիաների ժամանակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը