27 02 2024

Լոռու մարզի Ջիլիզա գյուղը կհանձնվի՞ Վրաստանին

Լոռու մարզի Ջիլիզա գյուղը կհանձնվի՞ Վրաստանին

«Երկիր»-ը գրում է.

Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ ՀՀ-Վրաստան բարձրաստիճան շփումներում Փաշինյանն ակտիվացրել է սահմանազատման-սահմանագծման աշխատանքները նաև Վրաստանի հետ՝ որոշակի տարածքներ զիջելով նաև Վրաստանին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ-Վրաստան սահմանագոտու Ջիլիզա գյուղին (ՀՀ Լոռու մարզի Ալավերդիի շրջան) հարող տարածքներին: 

Խնդրի կապակցությամբ հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմին՝ փորձելով պարզել՝ վերջին շրջանում տեղի ունեցող հայ-վրացական բարձր մակարդակի շփումներում ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ-Վրաստան սահմանազատման-սահմանագծման ուղղությամբ, ՀՀ-Վրաստան սահմանի ո՞ր հատվածներում են կատարվել սահմանազատման կամ սահմանագծման աշխատանքներ կամ ձեռք բերվել պայմանավորվածություն՝ կատարելու սահմանազատման-սահմանագծման աշխատանքներ, ինչպիսի՞ ճշգրտումներն են եղել կամ որոշում է կայացվել՝ իրագործելու, և սահմանային նման տեղաշարժերի արդյունքում կոնկրետ ո՞ր հատվածերն են անցել կամ անցնելու վրացական կողմին: 

Արտաքին գործերի նախարարությունից ստացված գրավոր պատասխանի մեջ հաստատվել է, որ «…Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին շփումների ընթացքում ձևավորվել է ընդհանուր ընկալում, որ անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները»:

Չհայտնելով ոչինչ՝  ԱԳՆ-ից նշել են միայն, որ գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը հանրությանը կներկայացվի պատշաճ ժամկետում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ