Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը շատ հավանական է, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում։
«Մենք խնդիր ենք ունենում խաղաղության պայմանագրի մեջ արտահայտել այն երեք սկզբունքները, որ հայտարարված ու հրապարակված են միջազգային հարթակներում ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում: Վերլուծելով այս խնդիրներն ու պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս ենք եզրակացության, որ այո՛, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է», - ֆրանսիական լրատվամիջոցին ասել է Փաշինյանը:
Վարչապետը մանրամասնել է, թե «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին Բաքվի պաշտոնական հայտարարություններում նկատի է առնվում, որ Հայաստանի տարածքի մեծ մասը ադրբեջանական է: Բացի այդ, ըստ Փաշինյանի, Ադրբեջանը գործնականում առանց տարընթերցումների չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը՝ չնայած «դիվանագիտական մակարդակում Ադրբեջանը հավաստիացնում է, որ հաձակման ոչ մի մտադրություն չունի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը