15 02 2024

Ի՞նչ է նշանակում զինվորականների համար կլինեն իրավական հետևանքներ․ Արման Թաթոյան

Ի՞նչ է նշանակում զինվորականների համար կլինեն իրավական հետևանքներ․ Արման Թաթոյան

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ի՞նչ է նշանակում զինվորականների համար կլինեն իրավական հետևանքներ: Արդյոք սա Կառավարության ղեկավարի խոսք է։
Փոխարեն ասվի, որ ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել են մեր երկրի տարածք, մտել են Ներքին Հանդ գյուղ և 3 կողմից շրջապատել, անընդհատ կրակում են գյուղերի ուղղությամբ, մարդկանց պահում են վախի մեջ:
Հատուկ մարդկանց զրկել են ջրից, թույլ չեն տալիս մոտենալ ջրի աղբյուրներին, զրկել են այգի ու հող մշակելու, ապրուստի միջոց վաստակելու, հարազատների շիրիմներին ու եկեղեցի այցելելու հնարավորությունից, բայց ասել, որ ադրբեջանական զինուժի կրակից ինքնապաշտպանվող զինվորականները պատասխանատվության կենթարկվեն:
Կառավարությունում տեղյա՞կ չեն, որ Ներքին Հանդի դպրոցն ադրբեջանական զինված թիրախի տակ է, տեղադրել են ականներ, որոնց պայթյունից այն էլ սակավացած ընտանի կենդանիներ են սատկում:
Ստացվում է ի՞նչ` իբր ադրբեջանական զինվորականներն իրենց համար իրենց տարածքում հանգիստ նստած են, իսկ Հայաստանից մեկ էլ կրակեցին։ Դեպքերն էլ ինչ-որ սարերում են տեղի ունենում, այլ ոչ թե մեր երկրի տարածքում ու մեր գյուղի ներսում։
Բազմիցս նշել եմ, որ ադրբեջանական զինված ծառայողների ցանկացած ներկայություն մեր բնակավայրերի հարևանությամբ[էլ չասած ներխուժումները] ի սկզբանե անօրինական, հանցավոր է։
Հայաստանի զինված ծառայողները, այդ թվում՝ սահմանապահ զորքերն ու ոստիկանությունն ամեն րոպե պաշտպանում են մեր ժողովրդի կյանքն ու առողջությունը: Նրանց գործողություններն իրավաչափ են ի սկզբանե և ուղղված են բնակիչների պաշտպանությանը:
Սա պետք է լինի հայկական կողմի օրակարգն ու հավատամքը, այլ ոչ թե Ադրբեջանի թելադրածը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ