Hraparak.am-ը գրում է.
Քիչ առաջ մեզ հայտնեցին, որ երեկ պաշտոնից ազատված Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս պահին Ազգային անվտանգության ծառայությունում է։
Մեր աղբյուրները հայտնում են, որ արդեն մի քանի ժամ է՝ Քերոբյանն ԱԱԾ-ում է, հնարավոր է առաջիկայում մեղադրանք առաջադրեն եւ կալանավորեն էկոնոմիկայի նախարարությունում վերջին շրջանում «բացահայտած» կոռուպցիոն պատմությունների շրջանակում։
Մենք կապվեցինք Քերոբյանի հետ, ով հրաժարվեց մեկնաբանություն տալ, ասելով՝ մեկ շաբաթ որոշել է լրագրողների հետ չխոսել, հարցին էլ, թե իրավապահ որեւէ կառույց իրեն կանչե՞լ է, չպատասխանեց։
Հիշեցնենք՝ երկու շաբաթ առաջ Քննչական կոմիտեն հայտարարեց Էկոնոմիկայի նախարարությունում աղմկահարույց բացահայտումների մասին, քրեական հետապնդում հարուցվեց նույն օրը էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանի ու ևս 4 պաշտոնատար անձի նկատմամբ։ Քննչական կոմիտեում 2 վարույթ է հարուցվել։
Նախարար Վահան Քերոբյանը Կառավարության վերջին նիստում իր դժգոհությունն արտահայտեց, որ խոսք չի կարող գնալ կոռուպցիայի մասին, որ վարույթներից մեկով նախարարությունը վնաս չի կրել, գումար չի տրամադրել տենդերին մասնակցած ընկերություններից որեւէ մեկին, մյուսով էլ դեռ պետք է ապացուցել, որ դիտավորություն է տեղի ունեցել, ուստի ինքը չի պատրաստվում հրաժարական տալ։
Վահան Քերոբյանը հրաժարական է տվել երեկ՝ փետրվարի 14-ին՝ այդ մասին հանրությանը տեղեկացնելով ֆեյսբուքյան գրառման միջոցով:
Կարդացեք նաև՝ «Կարճ ասած»․ Պոզով, պոչով ու նաև՝ ազգուտակով կոռուպցիան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը