Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որով դատապարտում և հերքում է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի «անհիմն» մեղադրանքները:
«Ռազմական ագրեսիա իրականացրած հայկական կողմի արդարացումը բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից գնահատվում է որպես Հայաստանի ռազմական սադրանքի անտեսում: Ցավոք, ԵՄ-ն հինգ ամսվա կայունությունից հետո անտեսում է դիպուկահար կրակի հետևանքով ադրբեջանցի զինծառայողի վիրավորումն առանց հրահրող գործոնների:
ԵՄ-ն պետք է հաշվի առնի, որ Հայաստանի կողմից սահմանամերձ շրջաններում ԵՄ առաքելության հովանավորությամբ տեղակայված վարձկանները վտանգ են ներկայացնում ադրբեջանական զինվորականների և քաղաքացիական բնակչության կյանքի համար:
Չնայած Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի խաղաղասիրական նախաձեռնություններին, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը, միակողմանի հայանպաստ դիրքորոշում որդեգրելով, անդունդ է ստեղծում Ադրբեջանի և Եվրոպական Միության ինստիտուտների միջև և, հետևաբար, ամբողջովին մեկուսանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից», - մասնավորապես ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ երեկ Բորելը հայտարարել էր, որ հայկական կողմից ադրբեջանցի զինվորների ուղղությամբ կրակոցների արձակումը ցավալի էր, բայց Ադրբեջանն անհամաչափ է արձագանքել: Ըստ Բորելի՝ Ադրբեջանը անտեսել է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն առ այն, որ նախօրեի միջադեպը լիովին կհետաքննվի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը